Իշխանության պարտությունը կամ Ուրցաձորի դիլեման

Thumbnail

Ուրցաձոր համայնքում տեղի ունեցած ընտրություններն իրականում լակմուսի թուղթ կարող է դառնալ իշխանությունների համար։ Սակայն ոչ այն առումով, որ շեշտակի նվազել է վստահությունն իշխանությունների հանդեպ, ինչպես ենթադրում են շատերը, այլ նույն իշխանությունների կողմից քաղաքական տրամաբանությանը չհետևելու, ավելի շուտ դրանից անտեղյակ լինելու հանգամանքով։

Յուրաքանչյուր ընտրություն իր մեջ ներառում է քաղաքական էլեմենտ, եթե նույնիսկ այն իր բնույթով ապաքաղաքական է,  ու երբ այդ գործընթացը փորձում է ուղղորդել մարդ (տվյալ պահին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը), որը չունի ոչ կյանքի, ոչ էլ քաղաքական կենսափորձ, ապա արդյունքը լինում է այն, ինչ եղավ։

Իսկ որ իշխանությունների այս պարտության հիմնական պատասխանատուն Գարիկ Սարգսյանն է՝ փաստ է։ Որպես մարզպետ, նա պարտավոր էր հարցի լուծման այլ տարբերակներ գտնել, ոչ թե հորդորեր գործող համայնքապետին հրաժարական տալ ու առավել ևս տարվեր ամեն գնով համայնքներում իր կուսակիցներին տեսնելու մոլուցքով։

Մարզպետի «պարտությունն» ունի մի քանի պատճառներ։

Նախ մի խումբ բնակիչների բողոքներն ու դժգոհությունները դեռևս չեն արտահայտում ողջ համայնքի մոտեցումը, ինչն արդեն ապացուցվեց։ Ցանկացած ընտրություններից հետո կգտվեն մարդիկ, ովքեր կբողոքեն և ընտրությունների արդյունքներից, և ընտրված ղեկավարի գործունեությունից։ Եթե մարզպետը որոշի բոլոր բողոքները ամփոփել արտահերթ ընտրություններով, տվյալ համայնքը մշտապես կգտնվի ընտրությունների շրջապտույտում։

Բացի այդ պետք էր նաև ուշադրություն դարձնել, որ բողոքի ակցիայի մասնակիցները միայն ուրցաձորցիներ չէին, այլ խոշորացված համայնքի 3 գյուղի բնակիչները։ Առաջին անգամ չէ, որ նման բողոքների տեսքով ի հայտ են գալիս համայնքների խոշորացումների առաջացրած անհարմարությունները։ Օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների անցած ընտրություններում Արենի գյուղի բնակիչները բողոքի ակցիաներ էին կազմակերպել վիճարկելով ընտրությունների արդյունքները, հիմնականում այն պատճառով, որ համայնքի ընտրված ղեկավարը Արենի գյուղի բնակիչ չէ ու չի կարող լավագույնս ներկայացնել այդ համայնքի շահերը։ Ասվածի մեջ ճշմատրություն կա, քանի որ յուրաքանչյուր մարդ նախապատվությունը ակամա տալիս է իր ծննդավայրին։

Ըստ այդմ՝ պետք էր հաշվի առնել, որ բողոքի ակցիայի մի շարք մասնակիցներ հնարավոր է ունենան շատ ավելի անձնական դրդապատճառներ, քան ներկայացվում է։ Ասածից ամենևին պետք չէ հետևություն անել, որ համայնքի ղեկավարն աշխատել է անթերի, որից օբյեկտիվ դժգոհություններ հնարավոր չէր լինեին։

Սակայն մարզպետի առաջնային խնդիրը պետք է լիներ, հարցին կացնային մոտեցում ցուցաբերելու փոխարեն, այդ դժգոհությունների ուսումնասիրությունն ու իրականության վերաբերյալ հնարավորինս պատկերացում կազմելը։

Արդյո՞ք մարզպետն ուներ խնդրին օբյեկտիվ լուծում տալու ցանկություն։ Սա անշուշտ հռետորական հարցադրում է, որի պատասխանը գիտի միայն Գարիկ Սարգսյանը։

Հաջորդ պատճառը տարբեր մակարդակի ընտրությունների ողջ առանձնահատկությունները չտարբերելու անընդունակությունն է։

Համապետական և տեղական ինքնակառավարման ընտրություններն իրարից տարբերվում են իրենց տրամաբանությամբ ու մարդկանց մոտիվացիաներով։ Իրարից տարբերվում են նաև խոշոր քաղաքների և առանձին համայնքների ընտրական մոտիվացիաները։

Առաջին հայացքից որքան էլ տարօրինակ թվա, երբեմն շատ ավելի դժվար է ընտրվել որևէ համայնքի ղեկավար, քան ԱԺ պատգամավոր, նույնիսկ Երևանի քաղաքապետ։

Համայնքի ղեկավար ընտրվելու պարագայում ամենաքիչ դերը խաղում է կուսակցական պատկանելությունը, ինչը չես ասի ԱԺ պատգամավոր ընտրվելու դեպքում։

Եթե ԱԺ կարելի է սպրդել համամասնական ցուցակով կամ թմբկահարելով կուսակցության ծրագիրն ու հենվելով տվյալ ուժի առաջնորդի հեղինակության վրա, գյուղերում հաջողության է հասնում բացառապես նա, ով առավելագույնս է վայելում համագյուղացիների հարգանքը, ով տվյալ համայնքում ունի մեծ շրջապատ։

Եթե Երևանի քաղաքապետ կարելի է ընտրվել օգտվելով տվյալ պահի էյֆորիկ վիճակից, համայնքի ղեկավար ընտրվում է նա, ում կատարած աշխատանքը դրական է գնահատվում բնակիչների կողմից։

Կուսակցական պատկանելության անկարևորությանը կարող են հակառակվել՝ ասելով, որ եթե նախկինում համայնքի ղեկավար էին ընտրվում հիմնականում հանրապետականները, ի՞նչու այսօր նույնը չի կարող հաջողվել ՔՊ-ականներին։

Հենց նման մտածողությունն էլ արտահայտում է ոմանց քաղաքական անփորձությունը։

Համայնքի ղեկավար ընտրվում էին ոչ թե հանրապետականները, այլ տվյալ համայնքում առավելագույն հարգանք ու հեղինակություն վայելող անձիք, առավելագույն բարեկամներ ու ընկերներ ունեցող մարդիկ, ովքեր էլ հետագայում դառնում էին հանրապետական։ Այլ խոսքով, նախ ընտրվում էին, հետո անդամագրվում իշխող կուսակցությանը։

Իսկ թե ինչո՞ւ, որովհետև այդպես հեշտ էր ու հարմար։ Որովհետև հաշվի առնելով Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ու իրավական գիտակցության ցածր ցուցիչը, այդպես ավելի արագ կարելի էր հասնել հարցերի լուծմանը։

Բացի այդ, եթե մեզ համար պետք է ինքնանպատակ լինի ամենուր ՀՀԿ-ն փոխարինել ՔՊ-ով, մեր առավելագույն ձեռքբերումը կլինի իշխող ուժի անվանումը մեկ տառով կրճատելը։

Արման Հակոբյան