Տաթեւիկ Ռեւազյանը նոր աշխատանք կունենա․ «Հրապարակ»

ՀՈՒՆԻՍԻ 14, 24News   

ռևազյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնին հրաժեշտ տվեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը։ Նա մի ծավալուն գրառում էր կատարել Ֆեյսբուքում՝ թվարկելով իր ու թիմի գրանցած աշխատանքի արդյունքները։ Այս 4 տարվա ընթացքում Ռեւազյանը հասցրել է երկու անգամ մայրանալ, գրվում էր, որ նա ավելի շատ «դեկրետի» մեջ է եղել, քան՝ աշխատանքի։ Այդ մասին էլ է նշել Ռեւազյանը․ «Կոմիտեի ղեկավար լինելու ընթացքում կյանքն ինձ օրհնեց երկու երեխաներով, բայց ես անդադար աշխատում էի»։

Իր գրառման մեջ նա շեշտել է Հայաստան մուտք գործած ազգային ավիափոխադրողի՝ «Ֆլայ Առնայի» մեկնարկի մասին՝ դա համարելով կարեւոր քայլ Հայաստանի համար մրցունակ եւ անվտանգ ազգային փոխադրող ունենալու հարցում։ Վերջում ընդգծել է, որ որոշել է վերադառնալ բիզնեսի աշխարհ: Այս գրառումից հետո շատերը հիշեցին, թե ինչպես Տաթեւիկի օրոք հայկական ավիացիան հայտնվեց ԵՄ «սեւ ցուցակում»։

Մենք տեղեկացանք, որ Տաթեւիկ Ռեւազյանը պատահական չէր տալիս «Ֆլայ Առնայի» անունը։ Լուրեր կան, որ նա աշխատանքի է տեղափոխվելու այս ընկերություն։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել անձամբ նրանից, սակայն Ռեւազյանը չպատասխանեց մեր զանգերին։ Ավելի ուշ մեզ զանգահարեց նրա օգնական Լիլիթը։ Խնդրեցինք մեկնաբանել այս տեղեկությունը։ Նա դժվարացավ Տաթեւիկի անունից մեկնաբանել, բայց խոստացավ փոխանցել նրան, որ երբ հարմար լինի, մեզ հետ կապ հաստատի։ Բայց մինչեւ օրվա ավարտն այդպես էլ չզանգահարեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ