ԱՀԿ-ն «կապիկների ծաղկի» վիրուսի անվանումը կփոխի գիտնականների խնդրանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 15, 24News

1086054.jpg

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է կապիկների ծաղկի վիրուսն առաջիկայում վերանվանել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«ԱՀԿ-ն նաեւ ամբողջ աշխարհի գործընկերների և փորձագետների հետ աշխատում է կապիկների ծաղկի վիրուսի եւ դրանով պայմանավորված հիվանդության անունը փոխելու վրա: Մենք նոր անվանումների մասին կհայտարարենք առաջիկայում»,-Գեբրեյեսուսը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ: Տարբեր երկրների ավելի քան 30 գիտնականներ նամակ են կազմել, որում կոչ են արել բժշկական հանրակցությանը՝ վերանվանել հիվանդությունը: Նամակի համաձայն, գիտնականները կարծում են, թե վիրուսի անվանումը սխալ է, նշելով, որ ԱՀԿ-ն հանձնարարում է խուսափել հիվանդությունների անվանումներում օգտագործել աշխարհագրական տարածաշրջանների ու կենդանիների անունները: Գիտնականները նաեւ ընդգծել են, որ վիրուսը չի կարելի համարել աֆրիկյան:

Նամակի հեղինակների կարծիքով, կապիկների ծաղկի վերանվանումը կօգնի խուսափել խտրականությունից: ԱՀԿ-ի տվյալներով՝ ներկայում 39 երկրներում գրանցվել են կապիկների ծաղկի արդեն ավելի քան 1600 հաստատված եւ մոտավորապես 1500 ենթադրվող դեպքեր: Կապիկների ծաղիկը հազվադեպ վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է նաեւ մարդուց մարդուն: Սովորաբար դա թեթեւ հիվանդություն է, եւ մարդկանց մեծ մասն ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ հնարավոր են բարդություններ: Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալությունում նշել են, որ կապիկների ծաղիկը սեռական ճանապարհով փոխանցվող վարակ չի համարվում, սակայն կարող է փոխանցվել վարակված մարդու հետ սերտ շփման դեպքում: Կապիկների ծաղկի նախնական ախտանշաններ են՝ տենդը, գլխացավը, մկանային ցավերը, մեջքի ցավերը, լիմֆատիկ հանգույցների մեծացումը, դողը եւ սրտխառնոցը: Կարող է զարգանալ ցան, որը հաճախ սկսվում է դեմքի վրա, իսկ հետո տարածվում մարմնի մյուս մասերում: Ցանը փոխվում եւ տարբեր փուլեր է անցնում, նախքան վերջնականապես կաշվաթեփի ձեւավորումը, որն ավելի ուշ թափվում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

--00—ՀԶ