Ցանկացած կարգավիճակ, որ երաշխավորում է ԼՂ հայերի անվտանգությունը և ազատությունը, լուծում է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Հայոց պետականության մեր նավը հայտնվել է խռովահույզ փոթորիկի հորձանուտում, որովհետև, ըստ էության, ամբողջ աշխարհն է հայտնվել խռովահույզ փոթորիկի հորձանուտում։ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Էդ 21 թվականի հունվարին էր մեզ թվում, թե մենք ենք հայտնվել խռովահույզ փոթորիկի հորձանուտում, էդ էլ պարզվեց (կարելի էր կռահել), որ համաշխարհային փոթորիկ է սկսվում մեզանով։ Դուք կարող եք տեսնել, որ ո՛չ մեծ, ո՛չ փոքր երկրների գոյությունը երաշխավորված չէ, ցավո՛ք։ Եվ միակ երաշխիքը, որ կարող է լինել պետության և անվտանգության համար, համապարփակ խաղաղությունն է․․․

Դա այն է, երբ հարևանների հետ հարցերը լուծված են, կարգավորված են, սահմաները սահմանազատված են և սահմանագծված, խաղաղությունն էլ՝ դե յուրե հաստատված։ Մենք հիմա փորձում ենք գնալ այս ճանապարհով, կկարողանանք, կստացվի, ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ համագործակցության արդյունք։

Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել, և խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու, աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։