ԱՄՆ դեսպանը հանդիպման է հրավիրել Սեյրան Օհանյանին եւ Արթուր Վանեցյանին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախօրեին հանդիպում է խնդրել Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներից՝ առանձին-առանձին, որպեսզի փոխանցի ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման հրավերը։

Նշենք, որ հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 2-ը Հայաստանում է գտնվելու ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը, ու այսօրվանից արդեն հրավերներ են ուղարկվում քաղաքական ուժերին՝ հանդիպման համար։ Երկու օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը դիմել էր ԱԳ նախարարությանը՝ խնդրելով կազմակերպել պատվիրակության հանդիպումներն ԱԺ նախագահի եւ երեք խմբակցությունների ներկայացուցիչների ու կին պատգամավորների հետ։  ԱԳՆ-ն էլ այդ գրությունն ուղարկել էր ԱԺ աշխատակազմին՝ խնդրելով հանդիպումների վերաբերյալ հայտնել ՀՀում ԱՄՆ դեսպանությանը։

Բայց առիթն օգտագործելով՝ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նաեւ առանձին հանդիպումների է հրավիրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին եւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, որպեսզի հրավերն անձամբ փոխանցի նրանց եւ ձեռքի հետ էլ զրուցի տարբեր հարցերի շուրջ։ Դեսպանը, ըստ ամենայնի, նաեւ հեռահար նպատակ է ունեցել՝ շոշափել ընդդիմադիրների տրամադրություններն ու համոզել, որ թուլացնեն պայքարը իրենց «հովանավորությունը վայելող» Նիկոլ Փաշինյանի դեմ, որ վերջինս գնա իրենց նախանշած ճանապարհով եւ ստորագրի բոլոր հնարավոր փաստաթղթերը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում հաստատեց հանդիպման մասին տեղեկությունը՝ նշելով․ «Դեսպանը հրավիրել էր հանդիպման, որ նախեւառաջ ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման հրավերը մեզ տար, ու այդ հրավերի շրջանակներում ենք զրուցել, որ մեր ֆրակցիայում քննարկենք այդ հանդիպումների հարցը։ Ընդհանուր առմամբ, իրավիճակն ենք քննարկել, ինքը նաեւ հարց տվեց, թե ինչ ենք անելու, ներկայացրել եմ մեր հետագա ծրագրերը»։

Իսկ ինչպիսի՞ն է եղել դեսպանի վերաբերմունքն ընդդիմության նախաձեռնած պայքարի, ոստիկանական գործողությունների, նաեւ Փաշինյանի քայլերի վերաբերյալ։ Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես իրեն ներկայացրել եմ բոլոր այն թերությունները, որ այսօր կան մեր երկրում, որ առաջին հերթին վերաբերում են ընդդիմության, մեր դիմադրության շարժման նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, գործեր հարուցելուն եւ այլն։ Եվ ասել եմ, որ մենք կուզենայինք, որ ե՛ւ Դուք, ե՛ւ Եվրամիությունը խիստ գնահատականներ տայիք։ Դեսպանն էլ ասաց, որ անհրաժեշտության դեպքում իրենք հայտարարություններ տարածում են՝ ոնց որ միշտ, էլի»։

Սեյրան Օհանյանին հարցրինք նաեւ՝ կա՞ր տպավորություն, որ դեսպանը փորձում է համոզել իրենց, որ հետ կանգնեն պայքարից կամ մի քիչ թուլացնեն։ Օհանյանն ասաց․ «Չէ, այդպիսի տպավորություն չկար։ Հիմնական շեշտն այն է եղել այդ հանդիպման, որ նախնական ընդդիմադիր ուժերի՝ մեր եւ «Պատիվ ունեմ»-ի հետ հանդիպումներ ունենան ԱՄՆ կոնգրեսականները, այսինքն՝ ժամը, օրը, որտեղ եւ այլն։ Ընթացքում քննարկեցինք նաեւ այս իրավիճակը, ես ներկայացրի բոլոր այն թերությունները, որոնք այսօր կան մեր պետությունում՝ ժողովրդավարության դեմ քայլերը, բռնաճնշումները եւ այլն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ