Լարված իրավիճակ՝ Արշալույս գյուղում. ոստիկաններն ուժ են գործադրել ցուցարարների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Thumbnail

Այսօր վաղ առավոտից կրկին լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում: Այդ մասին 24News-ին ահազանգում են բողոքի ակցիա իրականացնող բնակիչները: Ըստ մեր աղբյուրի՝ ոստիկաններն ուժ են գործադրել ցուցարարների նկատմամբ, որպեսզի ճանապարհը բացեն, և աշխատակիցները մուտք գործեն համայնքապետարան:

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները ամիսներ շարունակ պահանջում են, որ համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնի, մինչդեռ համայնքապետը հրաժարական չի տալիս։

Հունվարի 31-ից համայնքապետարանը չի աշխատում, այս օրերի ընթացքում մուտքը հսկվում էր ոստիկանների կողմից:

Ըստ մեր աղբյուրի՝ այս պահին համայնքապետարանի դիմաց հավաքված են մի քանի տասնյակ ոստիկաններ և քաղաքացիներ, որոնց միջև բախում է եղել։ Ցուցարարներին ոստիկանները քաշքշել են, բացել համայնքապետարանի մուտքը։

Ըստ մեր աղբյուրի՝ համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը ո՛չ   համայնքապետարանում է եղել, ո՛չ միջադեպի վայրում։