Պաշտոնական Երևանն էլ է հասկանում՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ անկախ դրանից, թե Շառլ Միշելը ինչ կհայտարարի։ Այս մասին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ նշելով, թե պաշտոնական Երևանն էլ է հասկանում այդ իրողությունը՝ ի նկատի ունենալով իշխանություններին։

«Արցախի կորուստը բերելու է գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների։ Հիմա պատկերացրեք, որ չկա Արցախ, այս դեպքում պանթուրքիզմը կունենա դոմինանտ ազդեցություն, կլինի թուրքական ներթափանցում դեպի Միջին Ասյա, մինչև Չինաստան։ Կլինեն խոշորագույն աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Բայց սրա դեմն առնելու համար պետք է ինքներս հավաքվենք, եթե չգիտենք, թե ինչ ունենք, ո՞վ է մեղավոր՝ թու՞րքը։ Օրինակ, դուք գիտեք, որ շահարկված ՄԱԿ-ի չորս բանաձևերը ճանաչում են Արցախի սուբյեկտայնությունը, որովհետև նշվում են «տեղական հայկական ուժեր», որոնք ոչ Հայաստանինն են, ոչ էլ Ադրբեջանինը», - ասել է նա։ 

Ըստ Բաբայանի, անհրաժեշտ է ցուցաբերել սկզբունքայնություն ցանկացած հարցում. «Վերջին օրինակը բերենք՝ Շառլ Միշելի սարսափելի հայտարարությունը։ Արցախից կոշտ արձագանքից հետո նույն Տոյվո Կլաարը կամ մյուսները սկսեցին արդարանալ, թե մենք դա ի նկատի չունեինք։ Այսինքն, չպետք է զլանալ, մեզնից ամեն ինչ է կախված», - ասել է նա։ 

«Մենք մինչև վերջ պայքարելու ենք, կան կարմիր գծեր, պաշտոնական Երևանն էլ հասկանում, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում», - հավելել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։