Ամբողջ Դսեղում մեծ տոնախմբություն է․ վարչապետը ևս կժամանի գյուղ. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 19, 24News

Thumbnail

Թումանյանի 150-ամյակի առիթով Դսեղում է գտնվում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որը քիչ առաջ Facebook-ի ուղիղ եթերի միջոցով փոխանցել է, թե ինչ տոնական տրամադրություն է տիրում Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում:

«Ամբողջ գյուղում մեծ տոնախմբություն է, տարբեր անկյուններում բեմականացումներ են, մարդիկ գալիս են այս ուղղությամբ, շուտով վարչապետը կժամանի, մենք կշրջենք գյուղում, այնուհետև մեծ համերգ ենք նախատեսել Թումանյանի ծննդյան տոնի կապակցությամբ, Կապանի թատրոնն է այստեղ, բեմադրություններ են ներկայացնում տարբեր գյուղերից ժամանել են դպրոցականներ, սա նրանց տոնն է»,- տեղեկացրել է Հարությունյանը:

Նա հավելել է, որ սպասվում են մեծ միջոցառումների մեկնարկին, իսկ այդպիսիք այսօր սպասվում են հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, բոլորն են նշում մեծ բանաստեղծի ծննդյան տոնը:

«Վստահ եմ, որ մյուս քաղաքներում էլ են նշում, Երևանում մեկնարկել են, երեկոյան հրավառություն է լինելու: Կոչ եմ անում բոլորին մասնակցել, տարբեր տարիքի մարդիկ են մասնակցում, որովհետև Թումանյանը բոլորի համար է ստեղծագործել, ապրել ու արարել է բոլորի համար»,- ասել է նա: