Թուրքիան մտադիր է շարունակել բանակցությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 20, 24News

․

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը բաց և կառուցողական է անվանել հունիսի 20-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները հյուսիսային այս երկու երկրների դաշինքին միանալու հարցի շուրջ։ Բանակցությունները կշարունակվեն, ասել է նա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Բանակցությունները եղել են բաց, անկեղծ և շարունակվելու են: Ամեն ինչ կախված կլինի Շվեդիայի ու Ֆինլանդիայի քայլերից»,-ասել է նա Բրյուսելում:

Մայիսի 18-ին ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին ներկայացրին իրենց երկրներին Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմումները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այնուհետև ասել է, որ Անկարան չի աջակցի հյուսիսային երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, քանի դեռ նրանք չեն որոշել իրենց վերաբերմունքը ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ։

--00--ԱՀ