Սաֆարովի արտահանձնումը բողոքարկելու գանգատով՝ հայկական կողմը դիմել է ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Thumbnail

Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Նազելի Վարդանյանը տեղեկացրել է, որ տարիներ առաջ դիմել են ՄԻԵԴ, 2016 թվականին Հունգարիայի ու Ադրբեջանի կառավարություններին հարցեր են առաջադրվել կյանքի իրավունքի խախտման, ազգային խտրականության վերաբերյալ:

«Նաև հարց կա այն մասին, թե ո՞րն է եղել անհրաժեշտությունը, որի հիման վրա Սաֆարովը ստացել է մի շարք արտոնություններ: Հունգարիայի կառավարությանը հարց ենք ուղղել, թե արդյոք ստացե՞լ են ադրբեջանական կողմից բոլոր հավաստիացումներն այն մասին, որ Սաֆարովը պատիժը կկրի Բաքվում նույն դատավճռին համապատասխան:

Հարց է եղել նաև այն մասին, թե արդյոք մինչև 2012 թվականը Ադրբեջանը դիմե՞լ է Հունգարիային՝ Սաֆարովին արտահանձնելու խնդրանքով, եթե՝ այո՛, ապա ի՞նչ հիմքով է մերժվել: Պատահական չէ, որ այս հարցը տրվել է, որովհետև հիմքեր են եղել, որ մերժվել է Ադրբեջանի խնդրանքը: Հիմա ցանկանում ենք, որ դրանք ներկայացվեն կոնկրետ փաստաթղթերով», - ասել է Նազելի Վարդանյանը:

Փաստաբանը նաև նշել է, որ այժմ ՄԻԵԴ ներկայացված գանգատով կոմունիկացիան ավարտման փուլում է, ակնկալվում է, որ այս տարի որոշում կլինի:

«Մեր պահանջն է Ռամիլ Սաֆարովին վերադարձնել Հունգարիա կամ երրորդ երկիր, որտեղ նա իր պատիժը կկրի: Եթե այդպես չլինի, ապա ճանապարհներ կան այլ դատարաններ դիմելու, դրա մասին պետք է մտածել: Այն, որ մենք հետևողական ենք, բոլորն էլ տեսնում են, պետք է գնալ առաջ»,-ասել է Նազելի Վարդանյանը:

Հիշեցնենք, որ 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում կացնահարել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը։ Չնայած Հունգարիայում նրան դատապարտել էին 30 տարվա ազատազրկման, Ադրբեջանը կարողացել էր կազմակերպել սաֆարովի արտահանձնման գործընթացը և վերադարձնելով Ադրբեջան՝ ազատ արձակել՝ տալով մայորի կոչում։