Արտախորհրդարանական տասը ուժ միավորվել են «Նոր Սահմանադրություն» նախաձեռնության շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 19, 24News

Thumbnail

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Լուսինե Հարոյանը, «Հայ կառուցողական կուսակցություն» նախագահ Անդրիաս Ղուկասյանը  և «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանն այսօր մամուլի ասուլիսին հայտարարեցին, որ արտախորհրդարանական տասը ուժ միավորվել են «Նոր Սահմանադրություն» նախաձեռնության շուրջ, ստորագրել են հուշագիր:

Գևորգ Հովսեփյանը նախ անդրադարձավ նախորդ սահմանադրությունների պատմությանը և նշեց, որ Սահմանադրությունը քաղաքական կուսակցությունների գործ չէ, այլ պատկանում է ազգին և գրվում է արժեհամակարգի հիման վրա: «Մենք պետք է հասկանանք, թե ինչ է Սահմանադրությունը: Այն մեկ կամ երկու կուսակցության մենաշնորհը չէ, սահմանադրական գործընթացը շարունակական գործընթաց է, և ազգը պետք է տեր լինի իր ամեն արժեքին:

Սահմանադրություն բառը հենց հուշում է, որ ազգը սահմանում է իր օրենքները, իղձերը, պետք է հասկանա՝ որտեղից է գալիս և ինչ է ուզում: Սահմանադրությունն այնքան էլ դեկլարատիվ չէ»,-ասաց նա և նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը երկրաչափական պրոգրեսիայով ընկնում է:

Լուսինե Հարոյանը նշեց, որ առաջին դեպքն է, երբ հարթակ է ստեղծվում համաժողովրդական կոնսոլիդացման համար, և նախաձեռնությունը բաց է բոլորի համար:

«Մենք ստեղծում ենք համաժողովրդական հարթակ՝ փոխել Սահմանադրությունը լայն հանրային քննարկումների արդյունքում, այլևս այնպես չպետք է լինի, որ կուսակցությունները գրեն ու վերջ:  Տասը կուսակցությունները կհամակարգեն այդ առաջարկները, այս պարագայում կունենանք ժողովրդավարական Սահմանադրություն»,-ասաց նա: Վերջինս հույս հայտնեց, որ այս նախաձեռնությունը լայն արձագանք պետք է ստանա.

«Սահմանադրությունը պետք է փոխվի, դա միանշանակ է,  քանի որ հասկանում ենք, թե ում համար և ինչպես է փոխվել Սահմանադրությունը»,-ասաց նա և նշեց, որ այսօր իշխող կուսակցության կողմից Սահմանադրությունը փոխելու քաղաքական կամք չեն տեսնում:

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ մի քանի գործոն կա, որ հանդիսանում են պատճառ այս նախաձեռնության: «Մայր օրենքը չի ունեցել այն հանրային աջակցությունը, որը պետք է Սահմանադրությունը՝ որպես գործոն, ունենա: Մենք ստեղծում ենք ներառական լայն միավորում քաղաքական և հասարակական ուժերի, որ այդ համախումբը հնարավոր լինի իրականացնել: Թերություններ կան այսօրվա Սահմանադրությունում, և բոլոր այս տարիների ընթացքում նվազել են հայերի իրավունքները և ոչ թե ընդլայնվել են, ինչը ակնհայտ է հատկապես սոցիալ-տնտեսական տիրույթում»,-ասաց նա:

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ նախկինում հանրապետականները հայտարարում էին, որ իշխանությունն անցնում է Մելիք Ադամյանի փողոցով, իսկ այսօրվա իշխող կուսակցությունը թեև նման բան չի հայտարարում, սակայն, ըստ էության, տրամաբանությունը նույնն է: «Սահմանադրական բարեփոխման առաջարկը նաև տրամաբանական է այն քաղաքական ընթացքի տեսանկյունից, որ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, ինչը պետք է բերի սահմանադրական կարգի փոփոխության, եթե դա տեղի չի ունենում, ուրեմն ստացվում է, որ տեղի է ունեցել իշխանափոխություն»,-ասաց նա:

 Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերի արձագանքին, Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ այսօրվա խորհրդարանում եղած ուժերը կա՛մ չեզոք էին, կա՛մ կողմ էին գործող իշխանությանը: Ըստ նրա՝ տեսանելի չէ, թե արդյոք գործող իշխանությունն ունի քաղաքական կամք՝ փոխելու Սահմանադրությունը, թե ոչ: