Գողացել էին Խնկո Ապոր գրադարանի դիմացի արձանի լատունե գիրքը և Տիկնիկային թատրոնի դիմացի երկաթե զանգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 24, 24News

img_09042020_183440_790_x_444.thumb_.jpg

Ահազանգը հունիսի 20-ին էր: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրենը հայտնել էր, որ շենքի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակից գողացել են գիրքը: Եվ սա այն դեպքը չէ, երբ գրքի գողը գող չէ: Գիրքը լատունից էր: Դեպքը կատարվել էր վերջին չորս օրվա ընթացքում, պարզապես այդ օրն էին նկատել գրքի բացակայությունը:

Նույն օրերին նմանատիպ մեկ այլ գողություն էլ Սայաթ-Նովայի պողոտայում էր եղել: Գողացել էին Տիկնիկային թատրոնի դիմաց տեղադրված զանգը, երկաթե՛ զանգը:

Ցավալին այն է, որ սրանք նմանատիպ առաջին գողությունները չէին. մեկ անգամ չէ կոչնակ հնչեցվել, որ համատարած գողանում են արձանների մետաղական մասերը, անգամ՝ աբողջական արձաններ: Նաև մեկ անգամ չէ, որ նման հանցագործությունները բացահայտվում են: Գերակշիռ մասով բացահայտվում են, ինչպես եղավ և այս անգամ:
Կենտրոնականի քրեական հետախույզները, համագործակցելով Արաբկիրի գործընկերների հետ, պարզեցին, որ գողություններն արել է Վեդի քաղաքի Կասյան փողոցի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Հետագա միջոցառումների արդյունքում, հունիսի 23-ի ցերեկը, նա հայտնաբերվեց մայրաքաղաքի Ազատության հրապարակում և բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Ամենակարևորը` գողոնը հայտնաբերվել է:

Իսկ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները պարզել են նաև, որ Վեդիի բնակչի հետ գողություններին մասնակցել էր հաշվառման վայր չունեցող 38-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա ևս հայտնաբերվել է Երևանի Տիտոգրադյան փողոցում, բերման ենթարկվել և տվել բացատրություն:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:

--00--ՀԶ