Տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» համատեղ հարթակի առաջին՝ քաղաքականությունների երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

15311_am_1.jpg

Հայաստանի կառավարությունը` Համաշխարհային բանկի, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ այսօր մեկնարկել է «Աճ և վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման և բարգավաճման» հարթակն՝ հաջակցություն Հայաստանի հեռանկարային կայուն զարգացման, կանաչ վերականգնման ու աճի:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը, Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ինչպես նաև շահագրգիռ պետական կառույցների այլ ներկայացուցիչներ։

«ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի նպատակն է միակցել ու օպտիմալացնել քաղաքականություններն ու ներդրումային նախաձեռնությունները` հանուն Հայաստանի կանաչ տնտեսության անցման:

Այսօրվա միջոցառումը քաղաքականությունների մակարդակում շահակիրների կողմից համատեղ կազմակերպվող թեմատիկ երկխոսությունների շարքի առաջին հանդիպումն էր` նորարար գաղափարներ առաջարկելու և գլոբալ գիտելիքներին տեղեկանալու նպատակով, ինչն առանցքային է կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունություն ձևավորելու տեսանկյունից:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ողջունել է քննարկման մասնաիցներին և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը չափազանց բարձր է գնահատում նման նախաձեռնությունները՝ կատարված աշխատանքն ամփոփելու, դասեր քաղելու և հետագա քայլերը նախանշելու տեսանկյունից։ «Այս գիտակցումը լավագույնս արտահայտված է Կառավարության՝ 2021-2026թթ․ ծրագրում, որով մենք նախատեսել ենք մի շարք միջոցառումներ՝ կանաչ էներգիայի տեսակարար կշռի ավելացումից մինչև այլընտրանքային տրանսպորտային միջոցների խթանման և հարակից ենթակառուցվածքների ներդրման, անտառապատման և այլ անհրաժեշտ աշխատանքների իրականացում»,- նշել է փոխվարչապետն ու հավելել, որ ցածր ածխածնային ժամանակակից տնտեսություն կառուցելու ճանապարհին ՀՀ-ն կարևորում է ներառական և մասնակցային գործընթացի ապահովումը՝ միջազգային գործընկերների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական հանրույթի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ։

ՀԲ Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի խոսքով՝ «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը կօգնի Հայաստանին` կայուն տնտեսության անցման ջանքերում: «Կանաչ անցումը կարող է խթան լինել Հայաստանի տնտեսության համար, սակայն անհրաժեշտ է լինելու, համագործակցելով մասնավոր հատվածի և միջազգային զարգացման գործընկերների հետ, սահմանել առաջնահերթություններ և իրականացնել քաղաքականություններ ու ծրագրեր, որոնք ցածր ածխածնային են, ռեսուրսարդյունավետ և համահունչ են շրջակա միջավայրի նպատակներին»,- նշել է ՀԲ ներկայացուցիչը։

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի համոզմամբ, Եվրոպայի և մոլորակի վերաբերյալ ԵՄ-ի սահմանած առաջնահերթությունների շարքում առաջնային համարվող կանաչ օրակարգը ենթադրում է շատ ավելին քան արտանետումների ծավալի կրճատումն է: «Այն ենթադրում է տնտեսությունների, հասարակությունների և արդյունաբերության ճյուղերի համակարգային փոփոխություններ: Հայաստանի պարագայում այս հնարավորությունը հստակ է. ավելի կանաչ տնտեսությունը ոչ միայն կբարելավի հայ ժողովրդի կյանքի որակը, այլ նաև կխթանի կայուն աճ և նոր աշխատատեղեր», - ընդգծել է ԵՄ դեսպանը և հույս հայտնել, որ «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը կծառայի ի նպաստ բաց և թափանցիկ անցման՝ դեպի կանաչ տնտեսություն։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունն ավելի կանաչ դարձնելը ճիշտ քաղաքականություն է այս դժվարին ժամանակներում, և դա կարող է ծառայել որպես ազգային ռազմավարական շրջանակ` դեպի կայուն, զրոյական արտանետումներով և կլիմայակայուն տնտեսություն արդարացի և ներառական անցում ապահովելու համար՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով հնարավոր մարտահրավերները, որոնց կարող են առերեսվել ազդակիր բնակչությունն ու համայնքները։ Նա վերահաստատել է ՄԱԶԾ-ի պատրաստակամությունը` մեկտեղելու իրենց ջանքերը ԵՄ-ի, ՀԲ-ի և այլ գործընկերների հետ` օժանդակելով ՀՀ կառավարությանը` կանաչ տնտեսության փոխակերպվելու ապացուցահենք, արդարացի և ռազմավարական գործընթացում, նպաստելով տնտեսական աճին, մարդկային զարգացմանը և երկրի եզակի բնական կապիտալին:

Քննարկումների ընթացքում Կառավարությունը ներկայացրել է Հայաստանում կանաչ տնտեսության անցման իր տեսլականն ու կլիմային և շրջակա միջավայրին վերաբերող քաղաքականությունը, որոնք կնպաստեն Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը, իսկ գիտակրթական հանրույթի, պետական հատվածի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են կանաչ և դիմակայուն տնտեսության անցման ճանապարհին առկա մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ իրենց փորձն ու դիրքորոշումը։

Փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել բոլոր գործընկերների և շահակիրների ջանքերն ու պատրաստակամությունը` մեկտեղելու իրենց գիտելիքները, փորձն ու ռեսուրսներն ի նպաստ երկրի կայուն աճի` «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի միջոցով:

--00—ՀԶ