ԱԳ նախարարը և Հունաստանի վարչապետը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

․

Աշխատանքային այցով Հունաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 27-ին հանդիպել է Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխաջակցության և ընդհանուր արժեքների վրա:

«Արարատ Միրզոյանը և Կիրիակոս Միցոտակիսը գոհունակություն են հայտնել փոխգործակցության հարուստ օրակարգի և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրել համագործակցությունն առավել զարգացնելու և որակապես նոր մակարդակի բարձրացնելու առնչությամբ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Հունաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և տնտեսական կապերի հետագա ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ հարուստ իրավապայմանագրային դաշտի հնարավորությունների օգտագործման, հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի և գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի շրջանակներում փոխգործակցությունը։

«ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասի ընթացիկ զարգացումները: Կողմերը մտքեր են փոխանակել մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքներին վերաբերող հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների ուղեկցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հումանիտար հետևանքներին: Ի թիվս այլ հրատապ լուծում պահանջող խնդիրների շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Հունաստանի կառավարության՝ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցությունը, ինչպես նաև դրա հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված օգնությունը:

Նախարար Միրզոյանը Հունաստանի վարչապետին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի զարգացումները:

--00--ԱՀ