Ինչո˚ւ են առաջին հայացքից հարթ ու երթևեկելի փողոցները քանդվում. Քաղաքապետարանի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 29, 24News

12

Ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր օրեր առաջ մտահոգություն էին հայտնել՝ վերանորոգվում է Մոնթե Մելքոնյան փողոցը, որտեղ փոսեր չկան, ասֆալտն էլ լավ վիճակում է։

Քաղաքապետարանից արձագանքել են  նման գրառումներին։

«Մոնթե Մելքոնյան փողոցում մեքենայից չերևացող փոսերը, վնասված ու ճաքճքած ասֆալտը ջերմաստիճանի կտրուկ նվազումից լուրջ խնդիր են դառնում»,-ասում են մասնագետները: Հենց դրա համար էլ ճանապարհի առաջին գոտիներն ամբողջությամբ նորոգվում են: Տեղ-տեղ փոսային նորոգումն այստեղ խնդրի լուծում չէր:

Երթևեկելիս ցանցաձև ճաքերը նկատելի չեն վարորդին: Այս ճանապարհը կառուցումից հետո չի հիմնանորոգվել: Ցուրտ եղանակին ասֆալտը միանգամից ուռչում է և պայթում: Հնարավոր է նաև ջուրն անցնի տակը, և այդ դեպքում արդեն հիմքից պետք է փոխվի ամենը»,-ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը:

2022թ.-ին Երևանում կնորոգվի 342 հազ. 496 քմ ճանապարհահատված, որից շուրջ 298 հազ. քմ-ը հիմնանորոգման ծրագրով է արվելու, փոսային նորոգումների ծավալը 24 հազ. քմ է: Աշխատանքների մոտ 50 տոկոսն արդեն կատարվել է՝ փողոցներ, մայթեր ու բակեր:

Նշվում է, որ բնակչությանը հնարավորինս քիչ անհարմարություն պատճառելու համար կենտրոնական փողոցներում ճանապարհաշինարարները գործի են անցնում գիշերն ու լուսադեմին, երբ քաղաքը դեռ քնած է ու երթևեկությունն էլ՝ քիչ:

Աշխատանքներն իրականացվում են 2 փուլով: Նախ կտրվում ու դուրս է բերվում ասֆալտի վնասված շերտը: Հետո արդեն տարածքը մաքրվում, մշակվում ու պատրաստվում է ասֆալտապատման: Այս ամենի համար քաղաքապետարանը շինարարին հիմնականում մեկ օր է տալիս:

Քաղաքապետարանից վստահեցնում են՝ նորոգված ճանապարհները հաջորդ տարի կրկին չնորոգելու համար էլ հիմա տեղում խստորեն վերահսկվում է աշխատանքը, առաջնահերթորեն՝ ասֆալտի հաստությունն ու որակը:

«Ասֆալտը փռում ենք 4-5 սմ հաստությամբ, իսկ այդ պահին ասֆալտի ջերմաստիճան կարող է լինել 120-130 աստիճան, ինչը թույլատրելի է չափանիշներով և ապահովում է լավ արդյունք»,-ասել է շինարարական կազմակերպության գլխավոր ինժեներ Գագիկ Եղիազարյանը:

--00—ԻԴ

Տեսանյութեր