Ուզում ենք քաղաքացիների շրջանում շատ կտրուկ վերականգնել վստահությունը պոլիկլինիկաների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News

5

Բուժօգնության առաջնային օղակի վերակազմակերպումը կբերի ծառայությունների հասանելիության, նոր ծառայությունների ներդրման, ֆինանսական առողջացման: «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը:

 

Նրա խոսքով` խոշորացվող 7 առաջնային օղակի կազմակերպություններից` Նուբարաշենի, Սարի թաղի, Նորագավիթի, Նորք Մարաշի պոլիկլինիկաները կպահպանեն իրենց աշխարհագրական դիրքը:  Նուբարաշենի պոլիկլինիկան այս տարի կվերանորոգվի, ապա կվերազինվի: Վերակազմակերպվող օղակներում անձնակազմի կրճատումներ ևս չեն սպասվում:

«Քննարկում կա Լեո փողոցի վրա գտնվող թիվ մեկ պոլիկլինիկայի և «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի ծառայությունները տեղափոխել մեկ այլ վայր: Այս տարի նախատեսում ենք քաղաքապետարանի բյուջեից 230 միլիոն դրամի սարքավորումներ և բժշկական պարագաներ ձեռք բերել: Թվով 8 նոր ռենտգեն սարքավորում ենք նախատեսում ունենալ, իսկ մինչ տարեվերջ պոլիկլինիկաներում բոլոր չափիչ սարքավորումները` ճնշման սարք, ջերմաչափ, կշեռք կփոխարինվեն թվային նոր և ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան ավելի սեղմ ժամանակահատվածում սպասարկել քաղաքացիներին»,-ասաց նա:

 

Փոխքաղաքապետը նշեց, որ վերջին տարիներին քաղաքացիները նախընտրում են մասնավոր կազմակերպությունները, քանի որ դրանք ավելի լավ և ժամանակակից որակի ծառայություններ են մատուցում:

«Մենք ուզում ենք քաղաքացիների շրջանում շատ կտրուկ վերականգնել վստահությունը Երևան քաղաքի պոլիկլինիկաների նկատմամբ: Փորձում ենք մրցակցության մեջ մտնել, վստահությունը վերականգնել`ի հաշիվ ծառայությունների որակի, շենքային պայմանների բարելավման»,-ասաց Գևորգ Սիմոնյանը, հավելելով, որ Ավանի  և Նորք Մարաշի պոլիկլինիկաները հիմնանորոգվում են: Հաջորդ տարվա համար նախնական հաստատված հինգ պոլիկլինիկա կա, որտեղ   կսկսվեն  կապիտալ նորոգման աշխատանքներ:

«Այս ծավալի կապիտալ ներդրումներ Երևան քաղաքի առողջապահության համակարգում չեն եղել»,-ասաց նա:

Անդրադառնալով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքին, որը նախատեսում է, որ բոլոր բժշկական հաստատություններում հուլիսի 1-ից վճարումներն արվելու են անկանխիկ եղանակով, փոխքաղաքապետն ասաց, որ պոլիկլինիկաներում արդեն համապատասխան սարքավորումներ կան, իսկ համակարգի ներդրումը կբերի ստվերի կրճատմանը, թափանցիկության բարձրացմանը:

Խոսելով Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցների բողոքի ակցիաներից, երբ աշխատակիցները հունիսի 17-ից պահանջում են, որ իրենց տնօրեն Աննա Սիսոյանին  չտեղափոխեն այլ աշխատանքի, Գևորգ Սիմոնյանն ասաց, որ իրենց կարծիքով նույն մարդը նույն տեղում չպետք է շատ երկար կառավարի: «Դա բերում է բացասական հետևանքների»,-հավելեց  Սիմոնյանը:

--00—ԻԴ

Տեսանյութեր