ՊՎԾ-ն Մարությանի պաշտոնավարման ժամանակահատվածի ուսումնասիրություններն ուղարկել է քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

հասարակական

Երևանի քաղաքապետարանում վարչապետին ենթակա պետական վերահսկողության ծառայության իրականացրած ուսումնասիրություններն ուղարկվել են վերահսկվող օբյեկտին՝ կարծիք տրամադրելու համար, դեռ վարչապետին չի զեկուցվել և իրավապահ մարմինների հետ կապված որևէ գործողություն դեռևս չի իրականացվել։ Այս մասին 24News-ին ասաց ՊՎ ծառայության ղեկավարի օգնական՝ մամուլի խոսնակ Գևորգ Առուստամյանը։

Ստուգումները վերաբերում են նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակահատվածին (2018-21)։ Առավոտյան «Ժողովուրդ» օրաթերթը և «Ռադար Արմենիա» կայքը, հղում անելով իրենց աղբյուրներին, գրել էին, որ Երեւանի քաղաքապետարանի գործունեության մեջ եւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակահատվածում շուրջ 16 մլրդ դրամի չարաշահումներ, խախտումներ են հայտնաբերել։ 

ՊՎԾ մամուլի խոսնակ Գևորգ Առուստամյանը պարզաբանեց, որ ՊՎԾ համաձայն՝ ստուգումների արդյունքների վերաբերյալ ՊՎԾ ղեկավարը զեկուցում է վարչապետին։ Առուստամյանը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց 16 մլրդ դրամի չարաշահման վերաբերյալ տեղեկությունը։ «Քանի որ դեռևս վերջնական տեղեկանք և կարծիք վերահսկվող օբյեկտից չունենք, հետեւաբար հաստատել չեմ կարողանա», - եզրափակեց ՊՎԾ մամուլի խոսնակը։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը 24News-ին ասաց, որ այսօր ՊՎԾ-ից կողմից գործն ուղարկվել է քաղաքապետարան։ «Մեր կողմից էլ բնականաբար այդ ամեն ինչը պետք է ուսումնասիրվի, որից հետո մենք մեր պաշտոնական դիրքորոշումը ՊՎԾ-ին կհայտնենք համաձայնության կամ անհամաձայնության մասին։ Այս հարցով հայտարարություն կտարածենք կամ բոլոր դեպքերում մամուլը կտեղեկանա այս մասին», - նշեց Գևորգյանը։

Ինչ վերաբերում է 16 մլրդ դրամ չարաշահման փաստին, ապա Գևորգյանն ասաց․ «Ինչը որ հրապարակվել է լրատվամիջոցներից կողմից, այսօր այդ նույնը մեզ ՊՎԾ-ից ուղարկել են»։

«Ժողովուրդ» օրաթերթը նաև գրել էր, որ ՊՎԾ-ն պատրաստվում է այս գործով դիմել դատախազություն, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի տեղի ունեցածին։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը 24News-ին փոխանցեց, որ ՊՎԾ-ից որևէ դիմում դեռևս չեն ստացել։ 

ՊՎԾ-ն ուսումնասիրությունները սկսել էր իրականացնել Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց (դեկտեմբերի 22) հետո։ Իշխող ուժի նախաձեռնությամբ սկսված պաշտոնանկության գործընթացը Մարությանն իր՝ դեկտեմբերի 22-ի ելույթում որակել էր որպես հեղաշրջում և քննադատել իշխանությունների վարած քաղաքականությունը։ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը մարտի 31-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ ուսումնասիրություններ սկսելը կապ չուներ Մարությանի հեռանալու հետ։

--00--ՏՏ