Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News

ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ): Այս մասին հայտնում է Մար Աթոռի լրատվության բաժինը։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը։
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքները բերեց վերջինիս:

Զրույցի ընթացքում անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին ու ընդհանրություններին՝ Նորին Սրբությունը ցավով խոսեց անցյալ դարում երկու ժողովուրդներին պատուհասած ողբերգությունների՝ Հոլոքոստի ու Հայոց Ցեղասպանության մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեց Սփյուռքում երկու ժողովուրդների զավակների միջև ձևավորված բարեկամական հարաբերությանը:

Իր Հերթին դեսպան Յոել Լիոնին կարևորեց երկխոսության շնորհիվ երկու երկրների միջև փոխգործակցության և բարեկամական հարաբերությունների խորացումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և դրանց յուրացման քաղաքականության առնչությամբ:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետն արդյունավոր առաքելություն է մաղթել դեսպանին:

--00—ԻԴ