Հայ-գերմանական տնտեսական համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի․ Վահան Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

․

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել երկօրյա այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեի հետ։

Գործընկերները հայ և գերմանացի լրագրողների համար հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ամփոփելով հայ-գերմանական տնտեսական նոր համագործակցության շուրջ ունեցած քննարկումները։

«Այսօրվա մեր հանդիպման ընթացքում ես շեշտել եմ, որ մեր համագործակցությունը պետք է ընդլայնել հիմնականում արդյունաբերության ոլորտում, քանի որ, գիտեք, Գերմանիան աշխարհի ամենախոշոր արդյունաբերական երկրներից է։ Ուզում եմ շեշտել արդեն Գերմանիայի կառավարության մեծ օժանդակությունը տուրիզմի բնագավառում։ Բացի այդ, այսօր քննարկվեց մեզ համար շատ հետաքրքիր համագործակցության հնարավորություն․ Գերմանիայի Դաշնությունը ունի ծրագիր՝ արտերկիր ուղարկել իր՝ արդեն թոշակառու դարձած բարձրակարգ մասնագետներին որպես խորհրդատու: Ուզում եմ ևս մեկ անգամ հայտնել այն գոհունակությունն ու ոգևորվածությունը, որ ՀՀ կառավարությունն ունի Գերմանիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու առթիվ»,- նշեց Քերոբյանը։

«Այս մարտահրավերներով լի ժամանակներում մենք մեծապես կարևորում ենք այն երկրների հետ համագործակցությունը, որոնք միտված են բարեփոխումներ իրականացնելու և նպատակաուղղված գնում են բարեփոխումների ճանապարհով։ Հայաստանն այդ երկրների շարքում է։ Մեր հայ գործընկերների հետ այսօր պայմանավորվեցինք զարգացման քաղաքականության շուրջ, մինչ այս ունեցած մեր համագործակցությունը բարձրացնել մեկ այլ՝ նոր մակարդակի, որն արդեն երկկողմ, ուղիղ հարաբերություններ է ենթադրում։ Գերմանիան հետամուտ է լինելու Հայաստանին հետայսու ևս օգնել իր հավակնոտ ծրագրերի ու բարեփոխումների ճանապարհին»,- ասաց Սվենյա Շուլցեն։

--00--ԱՀ