ՏԿԵՆ-ում քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 2, 24News

նկար

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը ընդունել է ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմին։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևոր է համարել նման հանդիպումների առավել հաճախակի կազմակերպումը։

Մանուկյանը նշել է, որ Հայաստանի  համար կարևոր են նման հանդիպում-քննարկումները, քանի որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը  աղետների ռիսկի կառավարման ոլորտում  ներգրավված շահագրգիռ պետական գերատեսչություններից մեկն է։

ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով գրասենյակի ներկայացուցիչ  Շիրիշկամուր Ռավանը շնորհակալություն է հայտնել  ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել՝ օժանդակելու ՀՀ-ին աղետների ռիսկերի կառավարման ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրները, հնչել են մի շարք առաջարկություններ՝ աղետների դեմ պայքարում  տիեզերական տեղեկատվության կիրառման զարգացման նպատակով ռազմավարական փաստաթղթերի և ուղեցույցների մշակման վերաբերյալ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քննարկումը կշարունակվի աղետների կառավարման և արտակարգ իրավիճակների արձագանքման տիեզերական տեխնոլոգիաների ազգային աշխատաժողովի շրջանակներում։

--00—ԼՄ