Հնարավոր արտահերթ ընտրություններ՝ հոկտեմբերին. ո՞ւմ են առաջադրելու ուժերը քաղաքապետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

նկար

2023 թվականին լրանում է Երևանի քաղաքապետարանում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարման 5 տարին՝ որպես քաղաքային իշխանության։ Լուրեր են շրջանառվում, որ հոկտեմբերին կարող են լինել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն իսկ հայտարարել է, որ 2023 թվականին մայրաքաղաք Երևանում կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններին քաղաքապետի թեկնածու է առաջադրվելու նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանն ասաց, որ ընտրությունների մասնակցելու որոշում ունեն։

«Դեռևս հայտնի չէ ձևաչափը, թեկնածուն և այլն, բայց մասնակցելու մասին որոշում կայացրել ենք», - նշեց Խաժակյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը փոխանցեց, որ «այս պահին նման հարց չի քննարկվել դաշինքում»։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ևս ասաց, որ հարցը չեն քննարկել։

Ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանն ասաց, որ կուսակցությունը մասնակցելու է։

«Թեկնածուի անուն դեռ չենք ասում, չենք շտապում, ընտրությունների նախաշեմին կհայտարարենք», - ընգծեց նա։

«Քննարկումներ կլինեն ընտրություններից առաջ, հնարավոր տարբերակները կքննարկենք։ Դեռ վերջնական որոշում չունենք, բայց ամենայն հավանականության կմասնակցենք հենց «Հանրապետություն» կուսակցությունով», - եզրափակեց Անի Խաչատրյանը։

Ըստ ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի՝ ԲՀԿ-ն բնականաբար մասնակցելու է։

«Այս պահին դեռ չենք քննարկել։ Պետք է քննարկում ունենանք կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։ Թեկնածուի հարցը քննարկելը դեռ վաղ է։ Ինչքան էլ մամուլում գրում են, որ հնարավոր են արտահերթ ընտրություններ, ես չեմ կարծում, որ սեպտեմբերին կամ հոկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն։ Կարծում եմ՝ այս տարվա վերջին կամ մյուս տարվա սկզբին պարզ կդառնա, թե ով կլինի ԲՀԿ-ի առաջին համարը կամ քաղաքապետի թեկնածուն», - ասաց Մանրիկյանը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Տաթեւ Թադեւոսյանը 24News-ին ասաց, որ երբ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարություն կլինի, այդ ժամանակ ՀՀԿ-ն որոշում կկայացնի և կհայտարարի իր որոշման մասին։ 

Հուլիսի 1-ին «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը 24News-ին տված հարցազրույցում ասել էր, որ կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է մասնակցել քաղաքապետի ընտրություններին։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ