Նպատակն է, որ բուն գործի քննության փուլում Չալաբյանը լինի կալանքի տակ․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

հասարակական

Մեղադրական կողմի նպատակն է, որ բուն գործի քննության փուլում Ավետիք Չալաբյանը լինի կալանքի տակ։ Այս մասին 24News-ին ասաց Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարական գործիչ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ֆինանսապես շահագրգռելու մեջ։ Չալաբյանը և իր կողմնակիցներն այս հետապնդումը որակում են քաղաքական։ 

Հարությունյանի խոսքերով՝ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը պահանջում է, որ եթե մեղադրյալը կալանավորված է, գործը դատարան կարող է ուղարկվել կալանքի ժամկետը լրանալուց 15 օր առաջ, եթե մեղադրական կողմն ուզում է, որ դատարանը քննարկման առարկա դարձնի կալանքը։ «Մենք ենթադրում ենք, որ գործը կմակագրվեր հայտնի դատավորներից օրինակ Մնացական Մարտիրոսյանին, որը կթողներ կալանքի տակ։ Բայց քանի որ քննիչն ու դատախազն այդ 15-օրյա ժամկետը չէին պահպանել, քննիչը ստիպված դատարան մտավ Չալաբյանի կալանքը երկարացնելու միջնորդությամբ՝ պատճառաբանելով, որ ինչ-որ քննչական գործողություններ ունի անելու։ Բայց նախաքննությունն ըստ էության ավարտված էր։ Դատարանի հարցին քննիչը պատասխանեց, որ կալանքը երկարացնելու միակ անհրաժեշտությունն այն է, որ ժամանակ ունենան մտնել դատարան։ Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը մասնակի՝ 1 ամսվա փոխարեն 15 օր կալանք»։

«Գտնում ենք, որ դատավորը, քննիչը և դատախազը միահամուռ, շատ ցցուն կերպով համապատասխանեցնելով այդ ժամկետները, կազմակերպեցին այդ ամբողջ պրոցեսը։ Դատարանը կալանքի այնքան ժամկետ տվեց, որ ըստ իրենց՝ բավարար է գործը դատարան ուղարկելու համար։ Սակայն իրենք լավ չէին հաշվարկել կամ լավ չէին կարդացել ՔԴ նոր օրենսգիրքը, ըստ որի՝ մեղադրական եզրակացությունը դատախազին ուղարկելու առաջ քննիչը պարտավոր է գործի նյութերին ծանոթացնել մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին և պաշտպաններին։ Այսինքն՝ մինչ այդ մեղադրական եզրակացությունը չի կարող ուղարկել դատախազին, իսկ դատախազն էլ՝ դատարան», - նշեց Վարազդատ Հարությունյանը։

Չալաբյանի փաստաբանի խոսքերով՝ քննիչը երեկ օրենքով նախատեսված ընթացակարգերի խախտմամբ էլ․փոստով ծանուցում է ուղարկել, որ «այսօր գործի ծանոթացման օրն է, ժամն էլ 12։00-ն, վայրն էլ՝ «Արմավիր» ՔԿՀ-ն»։ «Քննիչը հաշվի չի առել, որ ըստ ՔԴ օրենսգրքի՝ ծանուցումը պետք է ուղարկվի ենթադրյալ գործողությունից 2 օր առաջ, ընդ որում՝ թղթային, փոստային կարգով։ Եթե էլեկտրոնային եղանակով, ապա այն էլ․հասցեին, որը վարույթի մասնակիցը տվել է քննիչին՝ ասելով․ «Այս հասցեին ուղարկի ծանուցումները»։ Քննիչը խախտել է և՛ 2-օրյա ժամկետը, և՛ ծանուցման կարգը։ Ստացվում է, որ եթե քննիչը կարգը չխախտեր, ապա 2-օրյա ժամկետն ավարտվելու էր հուլիսի 13-ին և դատախազին մեղադրական եզրակացությունն ուղարկելու համար հնարավորություն էր ունենալու հուլիսի 14-ին։ Դատախազն էլ իր հերթին եթե 14-ին ուղարկեր դատարան, կխախտեր 15-օրյա ժամկետը», - ընդգծեց Հարությունյանը։ 

Ըստ նրա՝ այս դեպքում կա՛մ օրենքի խախտմամբ են գործն ուղարկելու դատարան, առանց պատշաճ ծանուցելու, կա՛մ վերականգնելու են պրոցեսի օրինականությունը՝ պատշաճ ծանուցելով գործին ծանոթանալու ժամկետների և վայրի մասին, որը չի կարող լինել ավելի շուտ քան հուլիսի 13-ը։ «Եթե խախտում չեն անում, կալանքի 15-օրյա ժամկետի ավարտից հետո Չալաբյանը հայտնվում է ազատության մեջ, եթե իհարկե մեկ անգամ էլ կալանքի միջնորդություն չներկայացվի էլի նույն այն զավեշտալի պատճառաբանությամբ, որ գործը դատարան ուղարկելու ժամանակ չունեն», - եզրափակեց Հարությունյանը։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ