Եվրոյի արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա էական ազդեցություն չի թողնի․ Բոստանջյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

տնտեսական

Եվրոյի անկումը ցույց է տալիս, որ Եվրոպական միության տնտեսության մեջ ճգնաժամային երևույթներ կան։ Այս մասին 24News-ին ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

Rate.am  ֆինանսական ծառայությունների պորտալի տվյալների համաձայն՝ եվրոյի առքը բանկերում կազմում է 1 եվրոյի դիմաց 406-415 դրամ, իսկ վաճառքը՝ 425-445 դրամ, գրեթե հավասարվել է ԱՄՆ դոլարին։ 

Պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի խոսքերով՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ եվրոյի արժեզրկումը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության դեմ հենց ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներով։ «Այդ պատժամիջոցների առումով, եվրոպական գործարար աշխարհը, ըստ էության, հիմնականում օգտագործում է ռուսական ռեսուրսները։ Պատժամիջոցների ընթացքում այդ ռեսուրսներից զերծ մնալը ԵՄ-ում բերել է ընդգծված գնաճի և արժեզրկման»։

Ինչ վերաբերում է, թե ինչ ազդեցություն կունենա եվրոյի արժեզրկումը Հայաստանի տնտեսության, քաղաքացիների ապրելակերպի վրա, ապա Բոստանջյանն ասաց, որ էական ազդեցություն չի կարելի սպասել։ «Որովհետև այդ նույն բանը Հայաստանում նկատվեց դոլարի դեպքում։ Հայաստանում եվրոյով իրականացվող շրջանառություններն այդքան էլ մեծ ծավալ չեն կազմում։ Այս առումով Հայաստանի դժվարությունները պետք է որ զգալի չլինեն։ Դոլարի և եվրոյի արժեզրկումը նաև բերում է Հայաստանում հատուկ ապրանքների գների անկման», - եզրափակեց տնտեսագիտության դոկտորը։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ