Հայաստանը նույնպես աշխարհակարգի փոփոխության պրոցեսների կիզակետում է․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

քաղաքական

Տարածաշրջանում ուժային բալանս է ձևավորվում, և բոլոր հիմնական դերակատարներն իրենց ուժային և պետական կառույցների կարևորագույն ֆիգուրներին քաղաքական ուղերձներով ուղարկում են բանակցությունների, որովհետև ուժային բալանսն իհարկե բանակցությունն է, դա ուժի ցուցադրություն է, դա առևտուր է, դա սակարկություն է։ Այս մասին 24News-ին ասաց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ անդրադառնալով Իրանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններին Հայաստան։

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 7-ին Հայաստան էր ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, հուլիսի 15-ին՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը, իսկ հուլիսի 18-ին՝ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Հանդիպել էին Հայաստանի բարձաստիճան պաշտոնյաների հետ։

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի խոսքերով՝ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ուժային բալանսը փոխվել է, և օբյեկտիվորեն նոր բալանս պետք է ձևավորվի։ «Աշխարհակարգ է փոխվում, և դրա առաջարկողը, նախաձեռնող դիրքերում փաստացի առաջատարը Ռուսաստանի Դաշնությունն է, իսկ հիմքային առումով՝ Չինաստանը։ Կարելի է ասել, որ այցելությունները Հարավային Կովկասի ռեգիոնի մասով են, որովհետեւ էներգետիկ, կոմունիկացիոն առումով առանցքային է։ Այս բանակցություններն առանցքային են գլոբալ և ռեգիոնալ դերակատարների համար։ Իսկ Հայաստանը նույնպես (նաև Ադրբեջանը և Վրաստանը) այդ պրոցեսների կիզակետում է այն առումով, որ միգուցե հայտնվելու է ազդեցությունների նոր գոտիների տակ, միգուցե պահպանելու է նախկին ազդեցության գոտիներին իր կենսագործունեությունը»։

Ղևոնդյանն ասաց, որ այս այցելությունները կապված են նաև Հայաստանի հետ, որովհետև Բըրնսը, Նարիշկինը, Շամխանին, Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, բոլորն ինչպես ռեգիոնալ, այնպես էլ մակրոռեգիոնալ խնդիրների մասին էին խոսում․ «Աշխարհակարգը ձևավորվում է այդ ռեգիոնալ խնդիրների լուծման բանաձևերի արդյունքում։ Օրինակ՝ ինչպիսի՞ եզրահանգում կունենեն հայ-թուրքական հարաբերությունները, ինչպիսի՞ ավարտ կունենա արցախյան բանակցությունների ներկայիս պրոցեսը։ Սրա արդյունքում որոշակի դիրքավորում են ստանում որոշակի պետություններ, որի արդյունքում էլ հաստատվում է այդ աշխարհակարգը։ Այսինքն՝ ում շահերը ապահովվում են, ում շահերը՝ ոչ անհրաժեշտ չափով, որ պետության շահերն առհասարակ հաշվի չեն առնվում և այլն»։

«Եվ վերջում, ամենակարևորը՝ արդյո՞ք ռեգիոնի քարտեզը փոխվում է։ Այդ ամեն ինչն իհարկե կապված է շահերի, ներուժի և հմտությունների հետ։ Հիմա այդ պրոցեսն ընթանում է բավական ակտիվ։ Այնպես որ, մենք այս պահին գեոպոլիտիկ ուժային վերադասավորումների ձևավորման ակտիվ փուլում ենք», - եզրափակեց քաղաքագետը։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ