Նման տեմպերով գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել վառոդով. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Արմեն Աշոտյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցն ավարտվեց, սակայն համանախագահները չայցելեցին Ստեփանակերտ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, որովհետև համանախագահները չայցելեցին Ստեփանակերտ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Որքան հաճախ է խոսում Նիկոլ Փաշինյանը վերջնական կարգավորման գործընթացում Արցախի սուբյեկտայնության մասին, այդքան ավելի դառն է նստվածքը, որ ապաշնորհ և հանցավորության աստիճանի սիրողական փաշինյանական դիվանագիտությունը Արցախը վեր է ածում բանակցությունների օբյեկտի:

Իհարկե, մեկ այցով, կամ ավելի ստույգ՝ «չայցով» պայմանավորված երկարաժամկետ հետևությունների գայթակղությանը չեմ տրվի:

Սակայն դրան գումարելով նաև Արցախյան շարժման կապակցությամբ թողարկված խայտառակ ուղերձը և այն փաստը, որ համանախագահների այցից հետո չհրապարակվեց նաև ԼՂՀ նախագահի հետ Նիկոլ Փաշինյանի զրույցի մասին որևէ տեղեկություն, խոր մտորելու տեղիք են տալիս:

Երբեք մի՛ արթնացրա հույսեր, որոնք բավարարել չես կարող, մի՛ տուր խոստումներ, որոնք կատարել չես կարող: Առավել ևս, արտաքին քաղաքականության մեջ: Հատկապես հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ:

Ակնհայտ է, որ ներհայաստանյան քաղաքական պառակտումները, Արցախի ներքին քաղաքական խմորումները միայն ծանրացնում են ստեղծված իրավիճակը և թուլացնում երկու հայկական պետությունների դիմադրողականությունը:

Դադարե՛ք հրճվել այն հանգամանքով, որ միջազգային ԶԼՄ-ների գլխագրերում կամ լրահոսում դեռ հայտնվում են ձեր իշխանափոխության մասին ռոմանտիկ զեղումները: Լագերֆելդի կատուն հիմա ձեզանից հայտնի նյուսմեյքեր է:

Ու ի՞նչ:

Չարագուշակություններ անել չեմ ուզում, բայց պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով»: