Աղվան Հովսեփյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի վաղը

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News

f62f12b261fdaa_62f12b261fdea.thumb_.png

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանքն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի գործով դատաքննության՝ նախապատրաստման փուլում պաշտպանության կողմը միջնորդել էր գրավ կիրառել Հովսեփյանի նկատմամբ, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր՝ անփոփոխ թողնելով Աղվան Հովսեփյանի կալանավորումը։

Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր կայացած դատական նիստի ընթացքում պաշտպանները պնդել են բողոքը՝ ներկայացնելով նաև Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստական տվյալներ։ Հանրային մեղադրողները առարկություններ են ներկայացրել՝ պնդելով, թե վիճարկվող դատական ակտը հիմնավոր է, ենթակա չէ բեկանման։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, մեջբերելով վիճարկվող դատական ակտում առկա հիմնավորումները, արձանագրեց՝ անձի՝ նախկինում բարձր պաշտոն զբաղեցնելու հանգամանքը, ինչպես նաև՝ մեղադրանքի ծանրությունը կալանավորման հիմք չէ, տարր է և բավարար չէ՝ անձին կալանքի տակ պահելու համար։

«Կամ ես իրավաբանությունից ոչինչ չեմ հասկանում, կամ էլ մենք այն աստիճանի աբսուրդի ենք հասել, որ անձին կարելի է պահել մեկ տարի՝ 11 ամիս կալանքի տակ՝ այլևս որևէ փաստարկ չունենալով, միայն նշելով՝ նախկինում զբաղեցրած պաշտոնը և նրան մեղսագրված ծանր հանցանքը։ Սա՞ է ողջամտությունը»,-նշեց Ալեքսանյանը՝ արձանագրելով, որ շուտով կլրանա մեկ տարին՝ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու այն դեպքում, երբ Հովսեփյանը 70 տարեկան է, ունի մի շարք հիվանդություններ, առողջական վիճակն օր օրի վատթարանում է։ Ըստ պաշտպանի՝ սա ազատության իրավունքի նկատմամբ դասական անարգանք է։
Լսելով կողմերին՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 09.30-ին։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու, որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործից Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ մասն անջատվել է և այժմ քննվում է առանձնին վարույթում։

--00--ԶՀ