Եկեք ևս մեկ անգամ այս մարդկանց հույզերի հետ չխաղանք․ Բերձորի քաղաքապետը՝ հորդորներ հնչեցնողներին

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 9, 24News

1036360.thumb_.jpg

Բերձորցիները հայրենի օջախներում վերջին օրերն են ապրում։ Թեկուզ տարհանումն սկսված է, բայց բնակիչներից ոչ մեկը դեռևս դուրս չի եկել քաղաքից․ իրերն են հավաքում, որ մինչև օգոստոսի 25-ը հասցնեն դուրս գալ։ Թշնամուն Բերձորը կհանձնվի օգոստոսի 25-ին և շուրջ 170 բերձորցի կհամալրեն բռնի տեղահանվածների շարքերը։

«Բնակիչները առայժմ չեն կողմնորոշվել, թե որտեղ են ուզում վերաբնակվել։ Ամեն օր նրանց հետ խումբ-խումբ հանդիպում եմ, որ հասկանամ՝ ով որտեղ, որ բնակավայրում է ուզում վերաբնակվել, որպեսզի կարողանանք տեղափոխությունն ու կացության հետ կապված հարցերը լուծել։ Առաջիկա 2-3 օրվա ընթացքում, կարծում եմ, արդեն հստակեցված կլինի այդ հարցը և տարհանումը կիրականացնենք», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։

Աչքի առաջ ունենալով Քաշաթաղի հյուսիսային ենթաշրջանի տարհանման ընթացքում ունեցած դառը փորձը՝ քաղաքապետը բնակիչներին հորդորել է վերջին երկու օրվան չթողնել իրերի հավաքումն ու տեղափոխումը։ Որ այս, ինչպես նաև իրերը տեղափոխելու փուլում բերձորցիները մեր մյուս հայրենակիցների աջակցության կարիքը կունենան՝ Ալեքսանյանը գրեթե վստահ է։

«Եթե կան մարդիկ, ովքեր կցանկանան ինչ-որ բանով օգտակար լինել,  կարող են կապվել վարչակազմի, իմ կամ Աղավնոյի գյուղապետի հետ։ Այս օրերին գտնվելով Բերձորի մեր հայրենակիցների կողքին ՝ թեկուզ միայն ֆիզիկական ներկայությամբ, կարող ենք օգնել նրանց։ Եթե տրանսպորտային միջոցով էլ օգնող լինի՝ ավելի լավ։ Պետական աջակցություն որոշ չափով տրամադրվելու է, բայց եթե անհատներ էլ ցանկանան օգնել, իրենց իրերը տեղափոխելու համար մեր հայրենակիցները ստիպված չեն լինի անտրամաբանական բարձր գներով մեքենա վարձել», - ասել է քաղաքապետը։

Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ Բերձորի բոլոր բնակիչները բնակարան ձեռք բերելու համար սերտիֆիկատներ կստանան․ Արցախում՝ 12 մլն․ չափով, Երևանում՝ 8 մլն․, ՀՀ մարզերում՝ 10 մլն․։

Արցախում վերաբնակվել ցանկացողների մի մասը, ըստ Ալեքսանյանի, կտեղավորվի արդեն պատրաստի վիճակում գտնվող տներում։ Կան տներ, որոնք մեկ ամսից պատրաստ կլինեն։

«Մինչ այդ, Արցախի կառավարությունը նրանց ժամանակավոր կտեղավորի այլ բնակարաններում, և երբ արդեն իրենց նախընտրած բնակավայրում բնակարանները կամ տները պատրաստ կլինեն՝ կտեղափոխվեն այնտեղ», - նշել է Բերձորի քաղաքապետը։

Անդրադառնալով դուրս գալուց առաջ իրենց տները չվառելու՝ Արցախի կառավարության հորդորներին, Ալեքսանյանը նշել է՝ ինքը վառելուն դեմ է, բազմիցս է ասել՝ պետք չի այդպես վարվել։

«Եթե վառում ես, նշանակում է՝ համակերպվում ես կորստի հետ։ Բացի այդ, դա անվտանգային մի շարք հարցերի հետ է կապված։ Մեր այն հայրենակիցներին, ովքեր հեռուներից հորդորում են բերձորցիներին դուրս գալուց առաջ վառել իրենց տները, խնդրում եմ՝ գան այստեղ, նստենք ու իրենց հանգամանալից կբացատրեմ, թե ինչու եմ ես դեմ այրելուն։ Եկեք ևս մեկ անգամ այս մարդկանց հույզերի հետ չխաղանք, եթե չեք կարողանում այդ մարդկանց ցավն ինչ-որ չափով մեղմել, բերեք հակառակը չանենք», - ասել է Բերձորի քաղաքապետը։

Նարեկ Ալեքսանյանը շեշտել է՝ բերձորցիները հասկանում են այն ցավալի փաստը, որ Արցախի առկա ռեսուրսներով չեն կարող այս փուլում դիմադրություն ցույց տալ ու հաջողության հասնել։

«Հստակ կա գիտակցումը, որ այս պահին որոշակի դիմադրությունն անարդյունավետ է լինելու՝ հաշվի առնելով առկա ռեսուրսները։ Հիմա շատ ավելի մեծ է որոշ ժամանակ անց վերադառնալու հույսը, քան ներկա փուլում  թշնամու նկատմամբ հաջողության հասնելու հավանականությունը։ Ու շատ կարևոր է, որ այդ հույսն արդարացնելու ուղղությամբ ակտիվ աշխատանք տարվի», - ասել է Բերձորի քաղաքապետն ու հույս հայտնել, որ կորստի հետ չեն համակերպվելու  և օր ու գիշեր աշխատելու են՝ ռեսուրսները համալրելու, ուժեղանալու և ռազմավարական նշանակության Բերձորը վերաազատագրելու ուղղությամբ։

--00--ԶՀ