ՀՀ ԿԳՄՍ նախարարը ցանկանում է խորացնել Իրաքյան Քուրդիստանի հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 9, 24News

hl6a0628.thumb_.jpg

Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից․

«Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Ալֆրեդ Քոչարյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Իրաքյան Քուրդիստանի մշակույթի նախարարությունից:

Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարի գլխավորած պատվիրակությունն այս օրերին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, եղել է նաև Հայաստանի պատմության թանգարանում, Ազգային պատկերասրահում, Մատենադարանում, Գառնիի տաճարում և Գեղարդավանքում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է հյուրերին և ընդգծել՝ հայ և քուրդ ժողովուրդների միջև պատմամշակութային առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից, որը պայմանավորված է մեր երկու ժողովուրդների ավանդական և բարեկամական կապերով: Նախարարը պատրաստակամություն է հայտնել խորացնելու և ընդլայնելու Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության հետ փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը:

«Ուրախ ենք ողջունել ձեզ և պատրաստ ենք անցնել գործնական դաշտ՝ քննարկելով համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Տեղյակ եմ, որ այցելել եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Շնորհակալ եմ արդարացի դիրքորոշման համար: Շնորհակալ եմ նաև այն աջակցության համար, որն Իրաքյան Քուրդիստանի ինքնավարությունը ցույց է տվել Հայաստանին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալին ընդգծել է, որ երկու ժողովուրդներն ունեն մի շարք ընդհանրություններ, արժեքներ և համագործակցության ավելի մեծ ներուժ:

Կողմերը բարձր են գնահատել Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքի ներդրումն ինքնավարության հասարակական և մշակութային կյանքում, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկամությունն առավել ամրապնդելու գործում։ 

Վահրամ Դումանյանը նաև բարձր է գնահատել Մատենադարանի և Էրբիլի Ասորական ժառանգության թանգարանի միջև ձեռագրերի արդիականացման և վերականգնման շուրջ համագործակցությունը. «Վստահ եմ, որ փոխհամագործակցության նախաձեռնություններ կարող են իրականացվել նաև հնագույն ձեռագրերի պահպանման և վերականգնման բնագավառում, որի մեկնարկն արդեն սկիզբ է առել 2021 թ. սեպտեմբերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում իրականացված վերապատրաստման ծրագրի շրջանակում, որին մասնակցել են Էրբիլում գործող Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի մասնագետները»:

Մուհամմադ Սաիդ Ալին նշել է՝ «Իսլամական պետության» կողմից վնասված, իսկ հետո փրկված ձեռագրերի վերականգնման գործում իրենց աջակցությունն են ցուցաբերելու Մատենադարանի մասնագետները: 

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին՝ Էրբիլի Միջնաբերդի վերածնունդ պատմական ամրոցում հայկական մշակութային կենտրոն հիմնելու նպատակով շենքի հատկացման համար. «Կարևորում եմ մշակութային կենտրոնի գործունեության մեկնարկը և վստահ եմ, որ այն մեծ դերակատարություն կունենա, կնպաստի քաղաքակրթությունների երկխոսությանը»:

Հայկական կողմը երկու ժողովուրդների միջև համագործակցությունը զարգացնելու և ճանաչողության մակարդակը բարձրացնելու նպատակով առաջարկել է դիտարկել Հայաստանում և Իրաքյան Քուրդիստանում սեմինարների ու կլոր սեղանների կազմակերպումը, ինչպես նաև երկու երկրներում անցկացվող մշակութային փառատոներին և ցուցահանդեսներին մասնակցության ապահովումը:

Կողմերը վստահություն են հայտնել՝ նմանօրինակ այցերը լրացուցիչ խթան կհանդիսանան մեր ժողովուրդների միջև բարեկամական կապն ամրապնդելու և խորացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

--00--ԶՀ

 

 

Տեսանյութեր