Արմավիրում 45-ամյա տղամարդը դանակով դիտավորյալ հարվածներ է հասցրել՝ 4 անձի պատճառելով վնասվածքներ

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 10, 24News

69ac11e514fe7043118ee11c90610e16_XL.jpg

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:

Հավելենք, որ չորս անձի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Արմավիր բժշկական կենտրոն ընդունվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել էր 2020թ. հուլիսի 27-ին՝ ժամը 23:00-ին:

Դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, նշված չորս անձինք ճանաչվել էին տուժող:

Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Դեպքի հաջորդ օրը իրավապահներին է ներկայացել Արմավիրի մարզի 45-ամյա բնակիչը և հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է հիշյալ անձանց դանակով հարվածել՝ նաև ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին, որը միացվել է վերոհիշյալ քրեական գործին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2020թ. հուլիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան և 5-րդ փողոցների հատման խաչմերուկում, քննությամբ դեռևս չպարզված ավտոմեքենաների վարորդների միջև տեղի է ունեցել վեճ, որն ուղեկցվել է հայհոյանքներով:

Միջադեպի մասնակիցներին սաստելու համար  նույն փողոցի բնակիչներից մեկը վերջիններիս դիտողություն է արել, ինչը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում նշված վայրով անցնող Արմավիրի մարզի վերոնշյալ 45-ամյա բնակիչը, նրա որդին, եղբայրը և մտերիմը մոտեցել են վիճաբանողներին, փորձել մեղմել իրադրությունը, սակայն վիճաբանությունն ավելի է թեժացել՝ վերածվելով ծեծկռտուքի:

Աղմուկի ձայները լսելով՝ մոտեցել և միջամտել են նաև մոտակա շենքի մի խումբ երիտասարդ բնակիչներ, այդ թվում՝ վարորդների վեճին միջամտած տղամարդու երկու որդիները և վերջիններիս ընկերը, ինչի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ 45-ամյա տղամարդն իր մոտ եղած դանակով դիտավորյալ հարվածներ է հասցրել՝ չորս անձի պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնցից երկուսին՝ կյանքին վտանգ սպառնացող:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117-րդ և 113-րդ հոդվածներով, որոնք համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 171-րդ և 167-րդ հոդվածներին, 45-ամյա տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ տուժողներից երկուսի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով:

45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1֊ին կետին(2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Վերջինիս վերաբերյալ մասը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Անհայտ անձի (անձանց) կողմից խուլիգանություն կատարելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի  դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԶՀ