ԿԽՄԿ-ն շարունակում է այցելել հակամարտության սրացման առնչությամբ ազատազրկված անձանց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

հասարակական

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունից ներկայացվել է տեղեկագիր, որն ամփոփում է 2022 թ․ առաջին կիսամյակում Հայաստանում կազմակերպության իրականացրած մարդասիրական աշխատանքը։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) չեզոք, անկողմնակալ ու անկախ կազմակերպություն է, որը մարդասիրական պաշտպանություն և աջակցություն է տրամադրում զինված հակամարտությունից և բռնության այլ իրավիճակներից տուժած անձանց։ 2022 թվականին լրանում է ԿԽՄԿ-ի՝ տարածաշրջանում ներկայության 30-ամյակը։ 1992-ից ի վեր ԿԽՄԿ-ն մարդասիրական գործունեություն է ծավալում տարածաշրջանում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։

Երևանում և Բաքվում իր պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում իր առաքելության միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է հակամարտությունից տուժած անձանց, բարձրացնում միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) վերաբերյալ իրազեկման մակարդակը և առաջխաղացնում դրա կիրարկումը՝ գործելով որպես չեզոք միջնորդ հակամարտության կողմերի միջև։ Երևանում մեր պատվիրակության և Իջևանում ու Գորիսում ենթապատվիրակությունների միջոցով շարունակական աջակցություն ենք ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության 2020 թ. աշնան սրացման հետևանքով տուժած անձանց։

Շարունակում ենք իրագործել սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդման ծրագրերը, ինչպես նաև սերտորեն համագործակցել Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ՝ հակամարտության սրացումից տուժած քաղաքացիական բնակչության աջակցության իրենց ծրագրերի շրջանակներում:

Շարունակում ենք նաև զանգեր և այցեր ստանալ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից, ինչի արդյունքում հարյուրավոր որոնման հայտեր ենք գրանցել անհայտ կորած քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ։ Բացի դրանից՝ աճյունների նույնականացման գործընթացի ժամանակ տրամադրել ենք տեխնիկական և նյութական, այդ թվում՝ դատաբժշկական փորձագիտական աջակցություն, որպեսզի աճյունները հնարավորինս շուտ փոխանցվեն ընտանիքներին։

Շարունակել ենք այցելել հակամարտության սրացման առնչությամբ ազատազրկված այն անձանց, որոնց ազատազրկման փաստը հաստատվել է համապատասխան իշխանությունների կողմից։ Այցելությունների ընթացքում մշտադիտարկել ենք նրանց հանդեպ վերաբերմունքն ու ազատազրկման պայմանները, նպաստել ընտանիքների հետ կապի հաստատմանը։ Իշխանությունների համաձայնությամբ՝ ընտանիքների հետ ազատազրկված անձանց կապը հաստատվել է Կարմիր խաչի նամակների, հեռախոսազանգերի, բանավոր և տեսաձայնային հաղորդագրությունների միջոցով։

Դրանք շատ մեծ հուզական աջակցություն են ազատազրկվածների ու նրանց ընտանիքների համար, իսկ վերջիններիս դեպքում՝ հաճախ նաև միակ ապացույցը, որ իրենց հարազատը ողջ է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այսպես, ավելի քան 1450 զանգ և այց են ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Հայաստանի ԿԽՄԿ պատվիրակությունում: 4 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով։

12 ընտանիք պարզել են իրենց հարազատների ճակատագրերը։ 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020 թ. սրացման հետևանքով։

Հակամարտության 2020 թ. սրացման հետևանքով 65 անհայտ կորած անձի ընտանիքի այցելություն է կատարվել՝ ընտանիքների կարիքների ընթացիկ գնահատման շրջանակներում։

ԿԽՄԿ-ի գործունեության և տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ 8 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել 90-ականների հակամարտության հետևանքով 66 անհայտ կորած անձանց ընտանիքների հետ։ Կարմիր խաչի կողմից մոտ 600 բանավոր, տեսաձայնային և գրավոր հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին։

ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։

ԴՆԹ անջատման 9 հավաքածու է տրամադրվել Երևանի Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին (ԴԲԳԿ)»,- մասնավորապես ասված է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության տեղեկագրում։

--00--ՏՏ

Տեսանյութեր