ՄԱԿ ՊԳԿ-ն նպաստում է գյուղատնտեսության ոլորտում կլիմայական գործողությունների խթանմանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

1090130.jpg

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Գյուղատնտեսության ոլորտում կլիմայական գործողությունների բարելավման կարողությունների հզորացում» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որի նպատակն էր գործընկեր կառույցներին մանրամասն տեղեկություն տրամադրել ծրագրի նպատակների մասին և ընդհանուր մոտեցում ձևավորել դրանց սահուն իրականացման եղանակների շուրջ։

Ինչպես տեղեկացրին ՄԱԿ ՊԳԿ Հայաստանի գրասենյակից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը և Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն հանդես են եկել բացման խոսքով, որում կարևորեցին կլիմայի փոփոխությանը դիմագրավելու խիստ անհրաժեշտությունը՝ ներառյալ գյուղատնտեսության, անտառտնտեսության և ձկնաբուծության ոլորտներում։

«ՊԳԿ-ի տրամադրած 300 000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի շնորհիվ ծրագիրն աջակցում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը բարելավելու ինստիտուցիոնալ կարողությունները և քաղաքականությունը, որոնք կնպաստեն վերոնշյալ ոլորտներում կլիմայական գործողությունների և Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ-ի ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) իրականացմանը։ Հայաստանի կառավարության խնդրանքով ՊԳԿ-ն կօգնի մշակել ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր գյուղատնտեսության ոլորտում կլիմայական գործողությունների բարելավման համար՝ վերանայված ԱՍԳ-ներին համապատասխան, զարգացնել թիրախային ոլորտներում կլիմայական գործողությունների իրականացման ինստիտուցիոնալ կարողությունները, մշակել գյուղատնտեսության ոլորտի՝ ԱՍԳ-ներին համապատասխան քաղաքականություն, ամրապնդել Հայաստանի 2020-2030թթ․ զարգացման ռազմավարական ծրագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հայաստանի՝ ազգային մակարդակով սահմանված գործողություններն առանձնացնում են գյուղատնտեսության ոլորտը որպես կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելիներից մեկը՝ միաժամանակ ընդունելով գյուղատնտեսության ոլորտի դերը ջերմոցային գազերի արտանետումների մեջ և այն առանցքային ոլորտ համարելով կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և դրա մեղմացման գործում: Որպես Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն՝ մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանին երկրի գյուղատնտեսության ոլորտում խոցելիության և ռիսկերի նվազեցմանն ուղղված ջանքերում», - ասել է Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։

--00--ԶՀ