Տղամարդը ոտքերով, լինգով, դանակով է հարվածել պահակին, կինը՝ ձեռքերով․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

ծեծ

Փետրվարի 22-ին՝ ժամը 21.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում գտնվող մանկապարտեզի մոտ կռիվ է։ Նույն օրը՝ ժամը 23։35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռված եւ այլ վերքերով բուժօգնության է ընդունվել մանկապարտեզի 50-ամյա պահակը: Ըստ տուժածի՝ իրեն ծեծել էին։ Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։

Շտապ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները։ Բաժնի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա էլ կեսգիշերն անց՝ ժամը 00։05-ին, Կարապետ Ուլնեցու 3-րդ փակուղու 6 շենքի մոտից, կասկածանքով բերման են ենթարկել 33-ամյա Էդուարդ Հ․-ին։

Պարզվել է, որ ժամը 21։00-ին Հասրաթյան 1 հասցեի մոտ ծագած վիճաբանության ժամանակ, Էդուարդ Հ․-ն բռունցքներով ու ոտքերով, լինգով ու դանակով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված քաղաքացու մարմնին, իսկ նրա ընկերուհին ձեռքերով հարվածել է տուժածի դեմքին։

Ժամը 01։10-ին տուժողից հաղորդում է ընդունվել:

Ժամը 03։15-ին ոստիկանները հաղորդում են ընդունել նաեւ Էդուարդ Հ․-ից։ Նա հայտնել է, որ վիճաբանության ժամանակ պահակը շամփուրով հարվածել է իր գլխին՝ պատճառել վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ ընկերուհու անձը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Հանցագործության գործիք դանակն ու լինգն առգրավված են:

Նախապատրաստվում են նյութեր: