ՌԴ խաղաղապահ զորախմբի և Ասկերանի բնակչի ավտոմեքենաների բախման հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

299144970_487577350041655_3367223875653581308_n.thumb (1).jpg

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 4 կին տեղում մահացել է։ Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարությունից։

Օգոստոսի 12-ին ժամը 08:50-ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մելիքավան փողոցի 19/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության օպերատիվ խումբը, Քննչական կոմիտեի քննչական խումբը։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ Ի.Յ.-ի (ծնված 1992թ.) վարած «HAVAL H9» և Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի (ծնված 1996թ.) վարած «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենաները։

ՃՏՊ հետևանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը կոտրվածքներով և աջ թոքի ստորին բլթի սալջարդ ախտորոշմամբ տեղափողվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Վերջինիս ուղևորները՝ Հ. Գ.-ն (ծնված 1971թ., Ասկերանի շրջան գ. Սարուշեն), Ն.Դ.-ն (ծնված 1970թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան), Լ. Մ-ն (ծնված 1972թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) և Ս. Ս.-ն (ծնված 1966թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) տեղում մահացել են:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն։

--00--ԶՀ