Հիմնանորոգվում է միջպետական նշանակության Մ-10-Գավառ ճանապարհը. մարզպետը հետևել է աշխատանքին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

1

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում է կատարել Գավառ քաղաքի ճանապարհաշինական տեղամասում:

Հիմնանորոգվող միջպետական նշանակության Մ-10-Գավառ ճանապարհի երկարությունը 3,4 կլիոմետր է, որն ընդգրկում է Գավառ քաղաքի Հրանտ Հակոբյան, Ազատության, Զորավար Անդրանիկ փողոցները և Գավառի կենտրոնական հրապարակին հարող հատվածները։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 536 միլիոն 606 հազար դրամ։

Նախագծով նախատեսվում է կառուցել ջրահեռացման ներքին ցանց, հիմք և ավելի քան 60 հազար քառակուսի մետր երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ, տեղադրել բազալտե եզրաքարեր։

Օգոստոսի 12-ի դրությամբ արդեն նախկին ասֆալտբետոնյա ծածկը և հողի շերտը հեռացվել է շուրջ 2 կիլոմետր երկարությամբ։ Որոշ տեղերում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր, սկսվել է ասֆալտբետոնյա առաջին շերտի տեղադրումը Հրանտ Հակոբյան փողոցում՝ մոտ 500 գծամետր երկարությամբ եւ 4000 քառակուսի մետր մակերեսով: Զուգահեռաբար ընթանում են նաև մայթերի կառուցման աշխատանքները:

Շինարարների հետ մարզպետը քննարկել է շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները. եղել են թե՛ դիտողություններ եւ թե՛ առաջարկություններ։

«Այստեղ պետք է անենք հնարավորը, որպեսզի մինչ տարեվերջ հասցնենք միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրումն ավարտել՝ ճանապարհային անխափան երթեւեկությունն ապահովելու նպատակով։ Իսկ ասֆալտբետոնյա երկրորդ շերտը կտեղադրվի եկող տարվա ընթացքում, եղանակային բարվոք պայմաններ ունենալուն պես: Վերջին օրերին, կապված ահռելի ծավալների շինարարության հետ, չափազանց դժվարացել է ճանապարհային երթեւեկությունը Հրանտ Հակոբյան, Ազատության եւ Զորավար Անդրանիկ փողոցներում: Խնդիրն արագ կարգավորելու համար շինարարներին առաջարկվեց՝ անել հնարավորը, որպեսզի մինչեւ եկող երեքշաբթի օրը, առաջիկա մի քանի օրերի ընթացքում, ավարտի հասցվի միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրումը ճանապարհի որոշակի եւ համապատասխան հատվածներում, որպեսզի հնարավոր լինի ապահովել կանոնակարգված երթեւեկություն:

Ինչ վերաբերում է ճանապարհաշինական տեմպերին, ապա դրանք առայժմ գոհացուցիչ են»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետը:

--00—ԼՄ

Տեսանյութեր