Բերձորից, Աղավնոյից, Սուսից մշակութային կոթողների տարհանումը կավարտվի հաջորդ շաբաթ. ԱՀ ԿԳՄՍՆ տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

աղավնո

Օգոստոսի 25-ին Ադրբեջանի վերահսկողությանը հանձնվող Արցախի Հանրապետության Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերից մշակութային կոթողների տարհանումը կավարտվի հաջորդ շաբաթվա ընթացքում: Այս մասին  NEWS.am-ին հայտնել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Քաղպաշտպանության պլանի համաձայն, երբ որոշում կայացվեց, որ պետք է տարհանվի բնակչություն,  բնականաբար պետք է տարհանվեին հուշակոթողները, նաեւ գրքային ֆոնդը` գրադարանները, թանգարանային ցուցանմուշներ: Հիմա տարհանված է Բերձորի քաղաքային գրադարանը` գրքային ֆոնդը,  Ներքին Սուսի եւ Աղավնոյի հուշարձանները` մոնումենտալ արվեստի հուշակոթողները,  խաչքարերը, նաեւ Բերձոր, Աղավնո ճանապարհին գտնվող հուշակոթողները մեծամասամբ , համարյա ամբողջապես ավարտված է նրանց տարհանումը, աշխատանքները շարունակվում են, ամենայն հավանականությամբ մյուս շաբաթվա ընթացքում կավարտվեն»,-ասել է նա:

Փոխնախարարի խոսքով` հուշակոթողներն ու խաչքարերը տեղափոխվել են Ստեփանակերտ, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ արդեն կա պայմանավորվածոություն, որ մի մասը կտեղադրվեն Ստեփանակերտի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ ստեղծվող պուրակում, մյուսմասը Սուրբ Հակոբ եկեղեցու հարակից տարածքում:

«Առաջարկ կա, որ դրանք տեղադրվեն Արցախի պետական համալսարանի նորակառույց շենքի պուրակում, էլի կան առաջարկներ, որոնք կքննարկենք, բոլորը տեղափոխելուց հետո»,- նշել է նա:

Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը արդեն հայտարարել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագծի մասին, Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք բազմիցս դիմել են միջազգային կառույցների, որոնց արձագանքները հայտարարությունների տեսքով են զուտ լինում:

«Բացի խոսքերից մենք կոնկրետ գործնական քայլեր չենք տեսնում, իսկ ինչ վերաբերում է Բերձորի  Սուրբ Համբարձում եկեղեցու եւ Աղավնոյի Սուրբ Նահատակաց եկեղեցուն ադրբեջանական մեդիայում արդեն շրջանառվում  է նյութեր դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ: Իսկ կոնկրետ Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ ընտրվել է հասարակական կազմակերպության կողմից, որը չեմ բացառում դառնա Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը»,- ասել է նա:

--00—ԼՄ