«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

հասարակական

Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյան:

«Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են, բացառապես կենտրոնացած ենք որոնողափրկարարական  աշխատանքների վրա: Հրդեհի նոր օջախներ երբեմն կարող են բռնկվել, սակայն անմիջապես կրակի տարածումը կանխվում է»,-նշել է Արտյուշ Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ գրանցվել է անհետ կորած քաղաքացների վերաբերյալ 20 ահազանգ, որից 4-ը վերաբերում են Իրանի քաղաքացիներին: Ահազանգը ստացվել է Իրանի դեսպանատնից:

«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Տեղում աշխատում են շուրջ 300 աշխատակիցներ ԱԻՆ-ից, մարզային ստորաբաժանումներից, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումներից, քաղաքային որոնողական փրկարարական աշխատանքներ իրականացնող թիմից»,-ասել է նա:

Արտյուշ Գրիգորյանը տեղեկացրել է, որ քննարկվում է պայթյունի հետևանքով կիսաքանդ մնացած շենքի սյուների վնասազերծման աշխատանքներն իրականացնելու հարցը: Առաջիկա ժամերին կլինի վերջնական որոշում այդ հարցի հետ կապված: ԱԻ նախարարի տեղակալը նշել է, որ կա փլվելու վտանգ:

--00--ԱՀ