Ես տեղյակ եմ, որ իրականացվել են ստուգումներ․ ԱԻ փոխնախարար. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

ռե

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Սուրմալու» տոնավաճառում երեկ շարունակվում էին որոնողափրկարարական աշխատանքները։ ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առավոտվա դրությամբ դեռ որոնվում էին 16 անհետ կորած քաղաքացիներ։ Փոխնախարարից հետաքրքրվեցինք, թե ունե՞ն, արդյոք, նախնական վարկած՝ ինչից կարող էր առաջացած լինել պայթյունը։ Գրիգորյանն ասաց՝ հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն եւ նախաքննությունը կարող է պարզել,  թե որն է եղել պայթյունի պատճառը։ Նա դժվարացավ ասել՝ արդյոք կա՞ պետական մարմինների մեղքի ու պատասխանատվության բաժինը, որ ժամանակին չեն ապահովել պատշաճ վերահսկողություն անվտանգության կանոնների պահպանման եւ հայտնաբերված խախտումները վերացնելու հարցում։ Առհասարակ,  ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն վերցնել իր վրա:  Մինչդեռ, եթե սա կազմակերպված պայթյուն` տեռակտ չէր, ապա մնում է հակահրդեհային անվտանգության կանոնների խախտումը, որի համար, վստահաբար, կան պատասխանատուներ, այդ թվում՝ պատկանմարմիններից, որոնք պատշաճ վերահսկողություն չեն իրականացրել եւ մատների արանքով են նայել այս խնդրին։

«Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, աշխատանքներին ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներ, ներգրավել ենք նաեւ մեր մարզերի ստորաբաժանումներին, ովքեր հիմա շարունակում են իրականացնել փրկարարական աշխատանքներ, ինչպես տեսնում եք՝ ահռելի ծավալի փլատակներ կան։ Երեկ, օրվա ընթացքում, մինչեւ առավոտ, մոտավորապես 500 մեքենա փլատակներ են դուրս բերվել, աշխատանքները շարունակվում են։ Հրդեհաշիջման աշխատանքները հիմնականում դադարեցվել են, որոշակի բռնկումների դեպքում հրդեհաշիջում իրականացվում է, բայց այս պահին իրականացվում են առավելապես որոնողափրկարարական աշխատանքներ»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ ունենք 16 անհետ կորածի վերաբերյալ ահազանգ, 7 զոհ եւ 50-ից ավելի տուժած քաղաքացիներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։

- Պայթյունի պատճառների մասով ամենատարբեր վարկածներ են շրջանառվում, ընդհուպ՝ ահաբեկչություն, բայց ավելի հավանական է համարվում հրդեհային անվտանգության կանոնների խախտումը։ Ձեր վարկածը ո՞րն է։

 

- Ես զերծ կմնամ որեւէ մեկնաբանություն կամ վարկած առաջ քաշելուց, հիմա ոստիկանությունում քրեական գործ է հարուցված, ընթանալու է նախաքննություն, էս պահին մեր կարեւորագույն եւ հիմնական աշխատանքը որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելն է։ Կարծում եմ՝ այդ հարցին պետք է պատասխանեն ոստիկանության մեր գործընկերները։

- Տեղեկացանք, որ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն անցած տարի ստուգումներ է իրականացրել,  խախտումներ է հայտնաբերել,  արձանագրել է ու թողել հեռացել։ Հիմա մեղադրանքն ավելի շատ նրանց են ուղղում, որ եթե անվտանգության կանոնների խախտում է եղել, ինչո՞ւ են այդպես թողել, ինչո՞ւ հետեւողական չեն եղել անվտանգության կանոնների պահպանման հարցում։

- Ես տեղյակ եմ, որ իրականացվել են ստուգումներ, բայց ստուգումների արդյունքում ինչ է տեղի ունեցել, ես չունեմ տեղեկատվություն։ Կարծում եմ՝ տեսչական մարմնի գործընկերները կպատասխանեն այդ հարցին։

- Պատկան մարմիններն այստեղ մեղքի իրենց բաժինը չունե՞ ն, որովհետեւ այստեղ մեկ տարի առաջ էլի էր հրդեհ եղել ու էլի, ենթադրաբար, անվտանգության կանոնների խախտման հետեւանքով։ Փաստորեն, մենք ո՛չ դասեր ենք քաղել, ո՛չ էլ այդ խախտումների վերացման ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկել:

- Ես կարծում եմ, որ պետք է սպասենք նախաքննությանը, որպեսզի պարզվեն հրդեհի առաջացման պատճառները, եւ, այնուհետեւ, համապատասխանաբար արդեն կլինեն համապատասխան ցուցումներ։

- Այդուհանդերձ, չկա՞ թերացում պատկան մարմինների կողմից, որ չեն վերացրել խախտումները, որպեսզի այս իրավիճակը չառաջանար։

- Թույլ տվեք՝ ես զերծ մնամ մեկնաբանություններից, ես՝ որպես արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, մեզ էս պահին առավել հետաքրքիր է, որպեսզի մենք 24-ժամյա ռեժիմով եւ մաքսիմալ արդյունավետ իրականացնենք որոնողափրկարարական աշխատանքները։ Մնացած հարցերը, յուրաքանչյուր գերատեսչություն, կարծում եմ, իր լիազորությունների սահմաններում ճիշտ կլինի, որ իրենք պատասխանեն Ձեր հարցերին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԻԴ