Կոտայքի մարզում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը, ապա ցած նետվել Նոր Հաճնի կամրջից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

․

Այսօր՝ օգոստոսի 18-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի տներից մեկում կնոջ դի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 71-ամյա Սվետլանա Ավագյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է՝ կամրջի տակ հայտնաբերվածը Նոր Գեղիի բնակիչ՝ 73-ամյա Սամվել Ալեքսանյանն է, ով սպանվածի ամուսինն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինը կնոջը սպանել, ապա կամրջից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով։

Երկու դեպքերի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱՀ