Օգոստոսի 17-ից 18-ը բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Ոստիկանություն Մարտունի

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու եւ անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, ընտանեկան բռնության՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 3, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների ու արգելված, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, անձի առեւանգման, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, հոգեբուժարան ապօրինի տեղավորելու, փաստաթուղթ կեղծելու, սպանության սպառնալիքի, առանց իրացնելու նպատակի թմրանյութի ապօրինի շրջանառության, ինքնիրավչության, ազատությունից ապօրինի զրկելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն ապօրինի հրապարակելու եւ մասնավոր ոլորտում կաշառք ստանալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, խարդախության, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու եւ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00--ԱՀ