Ընդգծում եմ մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

20221808_erdogan_zelenski_guterres_aa.jpg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ է այցով գտնվում Ուկրաինայում։ Լվով քաղաքում նա մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ եռակողմ ձևաչափով հանդիպմանը։ Այնուհետև կողմերը համատեղ ասուլիս են տվել, գրում է ermenihaber.am-ը։

Զելենսկին իր գոհունակությունն է հայտնել Էրդողանին՝ նշելով որ վերջինս այցն Ուկրաինա «հզոր երկրի հզոր աջակցության մասին վկայող ուղերձ է»։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել, որ Թուրքիայի ու ՄԱԿ-ի միջնորդությամբ է ձեռք բերվել համաձայնություն Մոսկվայի ու Կիևի միջև հացահատիկի արտահանման հարցում։

Իր արձագանքի ժամանակ Էրդողանն ասել է.

«Զելենսկու հետ այսօրվա երկկողմ հանդիպումանը քննարկեցինք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության մակարդակի հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Քննարկեցինք ներկա պայմաններում մեր համագործակցությունն ու համերաշխությունն առաջ մղելու հնարավորությունները։ Իհարկե, շուրջ 6 ամիս շարունակվող պատերազմը եղել է մեր խոսակցությունների հիմնական թեման։ Ես ևս մեկ անգամ ընդգծում եմ մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։

Հույս հայտնելով, որ ռուս-ուկրաինական պատերազմը բանակցությունների սեղանի շուրջ կավարտվի՝ Թուրքիայի նախագահը միջազգային հանրությունը կոչ է արել ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել դիվանագիտական ​​գործընթացը աշխուժացնելու համար։

«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում Զապորոժիեի ատոմակայանի շուրջ շարունակվող բախումների վերաբերյալ։ Մենք չենք ցանկանում վերապրել նոր Չեռնոբիլ»,- ասել է Էրդողանը:

Ըստ Թուրքիայի նախագահի՝ պատերազմի սկզբից մինչև օրս Թուրքիան 98 բեռնատար մարդասիրական օգնություն է ուղարկել ուկրաինացի ժողովրդի հրատապ կարիքները հոգալու համար։ Նաև տեղեկացրել է, որ Թուրքիայում ժամանակավորապես ապաստան էլ գտել 320.000 ուկրաինացի:

Հայտնի է դարձել, որ Անկարայի և Կիևի միջև համաձայնագիր է ստորագրվել պատերազմի հետևանքով ավերված Ուկրաինայի ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ։ Պայմանագիրը ստորագրել են Թուրքիայի առևտրի ու Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարները:  

Վերակառուցման աշխատանքների կազմակերպման համար երկու երկրները ստեղծելու են հատուկ հանձնախումբ։ Վերջինս համակարգելու է Ուկրաինայի ճանապարհների, կամուրջների, ջրի և էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքների, հիվանդանոցների ու դպրոցների վերկակառուցման աշխատանքները։

--00—ԶՀ