«Աբովյան» ՔԿՀ-ում ընթանում են պայմանների բարելավմանն ուղղված վերանորոգման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

32

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության-գեներալ մայոր Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ, օգոստոսի 17-ին այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Փոխնախարար Սարգսյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, տեղում հետևել հիմնարկում ընթացող ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավմանն ուղղված կապիտալ վերանորոգման աշխատանքներին, ծանոթացել հիմնարկի ուսումնական հատվածի, իրենց հետ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատազրկված մայրերի համար առավել բարենպաստ կոմունալ-կենցաղային պայմանների ստեղծմանն ուղղված, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրի բարեկարգման աշխատանքներին:

Այցի ընթացքում փոխնախարարին ներկայացվել է շինարարական առկա աշխատանքների ժամանակացույցը, սպասվող նոր աշխատանքներով ակնկալվող արդյունքները:

Փոխնախարար Սարգսյանը նշել է, որ մինչև ուսումնական տարվա մեկնարկը պետք է ավարտին հասցված լինեն ուսումնական մասի բարեկարգման աշխատանքները, ինչը թույլ կտա թե՛ մինչև 19, թե՛ 19 տարեկանից բարձր ազատազրկվածներին պատշաճ պայմաններում ստանալ կրթություն, իսկ մինչև տարեվերջ՝ ապահովել մնացյալ աշխատանքների ավարտը:

Սարգսյանն ընդգծել է, որ ուշադրության կենտրոնում պետք է պահել նաև հիմնարկի աշխատակիցների համար աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովման հարցը՝ կատարված գույքագրման արդյունքներն ընդգրկելով շինաշխատանքների պլանում:

Այցի ավարտին տեղի է ունեցել քննարկում, որի շրջանակներում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել ՔԿՀ-ներում մանկահասակ երեխաներին օրենսդրությամբ սահմանված սննդի համապատասխան չափաբաժիններով և տեսականիով ապահովմանը, ՔԿՀ մուտք գործած անձանց ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի գնահատմանը, հոգեկան առողջության վիճակի զննության գործիքների կիրառմանը, ուսումնական գործընթացի և օգտակար զբաղվածության կազմակերպմանն առնչվող հարցերին, ինչպես նաև տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Այցին մասնակցել են նաև Արդարադատության նախարարության, ՔԿԾ ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցները:

--00—ԻԴ

Տեսանյութեր