Հայտնաբերվել է լռության ժամին հրավառություն իրականացրած 52-ամյա տղամարդը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

 

Հրավառություններ կազմակերպում են մեծ ու փոքր բոլոր բնակավայրերում, ու թվում է, թե բոլորին է համակել առիթով կամ անառիթ հրավառություններ անելու մոլուցքը՝ հաճախ նաև լռության ժամի կանոնների խախտմամբ:

Հենց նման մի հրավառության հետքով շտապեցին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, և օգոստոսի 19-ին, գիշերվա ժամը 1-ին, Գրիգոր Տաթևացու հրապարակից բաժին բերեցին Գորիսի Սաթյան փողոցի բնակիչ, 52-ամյա մի տղամարդու: Արձանագրվեց, որ նա հրագործական արտադրատեսակներ օգտագործելով` խախտել էր լռության ժամի պահանջը, զանցանք, որի որակումը տրված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածով:

Նման արարք կատարողների նկատմամբ, իհարկե, միշտ էլ կկիրառվի վարչական ներգործության միջոց, սակայն վստահ ենք, որ հրավառությունների այս համաճարակը հնարավոր է կանխել միայն մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնելու միջոցով: