Գյումրիում հանրային տրանսպորտի ուղեվարձը կմնա նույնը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

1090673.jpg

Գյումրիի ավագանին որոշել է նույնը թողնել քաղաքի հանրային տրանսպորտի ուղեվարձի չափը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյումրիում հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիները կշարունակեն վճարել 100 դրամ:

Ավագանու մեկ այլ որոշմամբ էլ համայնքի հասարակական տրանսպորտային ցանցի արդիականացման նպատակով ձեռք բերված թվով 66 միկրոավտոբուսների ԱՊՊԱ-ի համար համայնքի բյուջեից հատկացվեց  8 մլն ՀՀ դրամ։

«Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ն ավագանուն առաջարկեց կատարել փոփոխություններ ընկերության հաստիքացուցակում, ավելացնել կադրային մասնագետի մեկ հաստիք՝ ամսական 120 հազար դրամ աշխատավարձով եւ վարորդների ամսական աշխատավարձ սահմանել 100 հազար ՀՀ դրամը՝ ներառյալ հարկերը։

«Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ի և վարորդների միջև կնքված պայմանագրով սահմանված երթուղիների շրջանառության գումարը գերազանցելու դեպքում վարորդները կարող են ստանալ հավելավճար՝ այդ գումարը գերազանցող մասով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓԲԸ-ն նոր է սկսում գործունեությունը, բոլոր հաշվարկները նախնական են՝ վարորդների հետ պայմանագրերը կնքվելու են չորս ամիս ժամկետով:

Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ համայնքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետի պաշտոնակատար Գեորգի Ղազարյանը տեղեկացրեց, որ վարորդների հետ կնքվելու է աշխատանքային պայմանագիր, այդ նպատակով էլ անհրաժեշտ է կադրային մասնագետի հաստիք, որը իրավական հարցերն է լուծելու եւ իրականացնելու է իրավաբանի աշխատանք: «Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ն ստեղծվել է 2022 թվականի մարտին՝ ավագանու որոշմամբ։

Միկրոավտոբուսները ձեռք են բերվել ՌԴ-ից։ Գյումրիի տրանսպորտային ցանցի արդիականացումը կատարվում է կառավարություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ։ «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն սպասարկելու է թիվ 25, 20, 12, 26, 24 համարների երթուղային գծերը:

--00—ԶՀ