Պաշտոնական Ստեփանակերտը՝ Բերձոր, Աղավնո ադրբեջանցի լրագրողի այցելության մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Արցախ

Օգոստոսի 17-ին ադրբեջանական «Հաքքին.az» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը ռուս սահմանապահների ուղեկցությամբ այցելել էր Արցախի Բերձոր քաղաք, Աղավնո գյուղ, ներկայացել միջազգային կազմակերպության ներկայացուցիչ ու զրուցել Աղավնոյի գյուղապետի, այնտեղ ժամանած հայաստանցիների հետ։ Երեկ տարածված տեսանյութում Ֆաթուլաևը զրուցում է նաեւ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանի հետ։ 

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը 24News-ի հետ զրույցում հաստատեց, որ տեղյակ է ադրբեջանցի խմբագրի այցելությունից, սակայն նշեց, որ չի հանդիպել նրան, ոչ էլ դիտել է համացանցում շրջանառվող տեսանյութը։ «Այդ այցելության մասով ինքս որեւէ տեղեկության չեմ տիրապետում։ Ամեն դեպքում դա իմ գործառույթը չէ, կան համապատասխան մարմիններ, իրենցից կարող եք ճշտել՝ ո՞վ է եղել, ի՞նչ նպատակ է հետապնդում», - ասաց նա։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասաց, որ անվտանգության խորհրդի գրասենյակն այս այցելության թեմայով հայտարարություն տարածել է, և որ ավելացնելու բան չունի։ 

Արցախի ԱԽ-ն իր հայտարարության մեջ նշել էր, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է «Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, Ադրբեջանի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների մուտքը»։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ