Աննա Ասատրյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

1090688.jpg

Սույն թվականի օգոստոսի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրել է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանին: Մինչ այդ նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից, Աննա Ասատրյանը ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներին ներկայացրել է Արվեստի ինստիտուտի զարգացման իր տեսլականը: Նա նշել է, որ ինստիտուտում ստեղծվելու են Կինոյի և հեռուստատեսության, Դեկորատիվ և կիրառական արվեստի բաժիններ, Պարագիտության, Հայ երաժշտական ֆոլկլորագիտության, Հայ-բրիտանական գիտամշակութային համագործակցության, Հայ ժողովրդի՝ այլ ժողովուրդների հետ ունեցած մշակութային առնչությունների ուսումնասիրության կենտրոններ:

Աննա Ասատրյանը կարևորել է երիտասարդ բանիմաց հետազոտողներով ինստիտուտի գիտական կադրերի համալրումը, ինստիտուտի միջազգային համագործակցության աշխարհագրության ընդլայնումը, արտասահմանում հրատարակվող և ազդեցության բարձր գործակից ունեցող արվեստագիտական պարբերականներում Արվեստի ինստիտուտի աշխատակիցների հետազոտությունների արդյունքների տպագրումը, արտասահմանում հայ արվեստի ուսումնասիրության հարցերով զբաղվող հայ և օտարազգի արվեստաբանների շտեմարանի ստեղծումը: Նա անհրաժեշտ համարեց իրականացնել Տիգրան Չուխաճյանի և Արամ Խաչատրյանի երկերի լիակատար ժողովածուների ակադեմիական հրատարակությունը, ինչպես նաև առաջարկեց Արվեստի ինստիտուտին կից ստեղծել Տիգրան Չուխաճյանի թանգարան:

--00—ԶՀ