Անցկացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման մրցույթի թեստավորման փուլը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

․

Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման մրցույթի՝ թեկնածուների թեստավորման փուլին մասնակցել է 47 դիմորդ: Թեստավորման ավարտից անմիջապես հետո մրցութային հանձնաժողովը հրապարակել է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը: Թեստավորման փուլը հաղթահարել է 44 հավակնորդ և անցել հաջորդ՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով թեկնածուների հարցազրույցի փուլը, որի ընթացքում իրականացվելու է նաև թեկնածուների բարեվարքության ստուգումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, ինքնավար պաշտոնների թեկնածուների մրցութային հանձնաժողովը նախագահել է արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, հանձնաժողովի անդամների կազմում են եղել արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Քրիստինե Գաբուզյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանը և գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Էդգար Արսենյանը:

Թեստավորման մրցույթին որպես դիտորդ մասնացել է նաև «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը:

Ըստ աղբյուրի՝ գրավոր փուլի մասնակիցները մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ մեկօրյա ժամկետում, կարող են դրանք գրավոր բողոքարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է մեկ օրվա ընթացքում:

--00--ԱՀ