Սարդարապատում կատարված շինարարական աշխատանքներում հայտնաբերվել են առերևույթ խախտումներ․ ՊՎԾ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

278531064_528853191944651_5090737382330330570_n.jpg

ՊՎԾ-ն հայտնում է, որ ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ բնակավայրում «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի շրջանակներում ջրամատակարարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացված շինարարական աշխատանքների մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են ընդամենը 18.522.250 դրամի խախտումներ: Բացի այդ՝ համայնքապետարանը առանց գնման գործընթաց կազմակերպելու ձեռք է բերել ընդամենը 11.846.700 դրամի ապրանքներ և ծառայություններ:

Այսպես.

1. ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի ֆինանսավորմամբ 2021թ. ընթացքում Կապալառու կազմակերպության կողմից իրականացված հողային աշխատանքների գծով արձանագրվել են կատարողական ակտերով ցույց տրված, սակայն փաստացի չկատարված կամ պակաս կատարված 6.884.710 դրամի աշխատանքներ: Բացի այդ համայնքապետարանի կողմից չի հաշվարկվել և գանձվել աշխատանքների ուշացաման օրերի դիմաց պայմանագրով նախատեսված 429.770 դրամ տույժի գումարները:

2. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ 2021թ. ընթացքում Կապալառու կազմակերպության կողմից իրականացված ջրամատակարարման համակարգի պոլիեթիլային խողովակաշարերի անցկացման աշխատանքների գծով արձանագրվել են կատարողական ակտերով ցույց տրված և փաստացի տեղադրված խողովակաշարերի տրամաչափերի տարբերության դեպքեր, որի գումարային տարբերությունը կազմել է 5.852.500 դրամ:

3. ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի ֆինանսավորմամբ 2019թ. ընթացքում Կապալառու կազմակերպության կողմից իրականացված ջրամատակարարման ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքների գծով արձանագրվել են կատարողական ակտերով ցույց տրված, սակայն փաստացի չկատարված կամ պակաս կատարված 714.120 դրամի աշխատանքներ:

4. ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի կողմից Համայնքի բնակիչներից հավաքագրված գումարներով իրականացված ջրաչափական հանգույցների կառուցման աշխատանքների (ջրաչափական հորերի տեղադրում, ջրաչափերի տեղադրում և մոնտաժման այլ աշխատանքներ) գծով արձանագրվել են հավաքագրված գումարների նկատմամբ պակաս կատարված 3.506.720 դրամի աշխատանքներ: Հարկ է նշել, որ Համայնքի բնակիչներից հավաքագրված գումարները համայնքապետարանի կողմից չի հաշվառվել, դրամարկղ չի մուտքագրվել, ինչպես նաև չի մուտքագրվել Համայնքի բյուջե:

5. Համայնքապետարանի կողմից ֆիզիկական անձանցից ձեռք են բերվել ապրանքներ և ծառայություններ, սակայն չի հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չի փոխանցվել եկամտային հարկի գումարը 866.800 դրամի չափով, որով խախտվել է ՀՀ Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

6. Համայնքապետարանի կողմից տեխնիկական հսկողության դիմաց տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությանը պայմանագրային գումարը վճարվել է ամբողջությամբ, այն դեպքում, երբ իրականացվել են պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալի ընդամենը 64%-ը: Ավել վճարված գումարը կազմել է 252.000 դրամ:

7. Սարդարապատի համայնքապետարանի կողմից կազմակերպված գնման գործընթացները իրականացվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների, ՀՀ կառավարության որոշումների դրույթների բազմաթիվ խախտումներով: Համայնքապետարանը առանց գնման գործընթաց կազմակերպելու ձեռք է բերել ընդամենը 11.846.700 դրամի ապրանքներ և ծառայություններ:

«Գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ԶՀ