ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

16613481320972.jpeg

Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։ 

Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական կողմին Կորսիկայում օգոստոսի 18-ին փոթորիկի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նախարար Կոլոննան իր հերթին ցավակցություն է հայտնել հայկական կողմին Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։ 

Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ։ Այս համատեքստում պատրաստակամություն է հայտնվել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության հետագա խորացման և կոնկրետ նախագծերի կյանքի կոչման միջոցով երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ 

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային խաղաղության հաստատման շուրջ հայկական կողմի մոտեցումները։ 

Կողմերն ընդգծել են Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանք հայրենադարձման, բռնի անհետացածների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման անհրաժեշտությունը։

--00—ԶՀ