Վճռաբեկ դատարանի դատավորը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ԲԴԽ-ի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

0099.thumb (1).jpg

Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն՝ Վճռաբեկ դտարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի առարկություններն ընդունելու մասին ԲԴԽ որոշումը։

Հիշեցնենք, որ Ռուզաննա Հակոբյանը 2015թ փետրվարի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, 2018թ հոկտեմբերի 4-ին՝ նշանակվել էր նույն պակատի նախագահ՝ վեց տարի ժամկետով։

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխություններից հետո Վճռաբեկ դատարանում քաղաքացիական և վարչական պալատներն առանձնացվել են, ավելացել է հակակոռուպցիոն պալատը։

Ըստ այդմ, ԲԴԽ-ն 2022թ. օգոստոսի 1-ին որոշել էր ՀՀ նախագահին առաջարկել Ռուզաննա Հակոբյանի թեկնածությունը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու համար, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, սակայն, Հակոբյանին չի նշանակում պաշտոնում, փոխարենը՝ օգոստոսի 8-ին գրություն է ուղարկել ԲԴԽ՝ հայտնելով առարկությունները։ Օգոստոսի 15-ին ԲԴԽ-ն որոշում է կայացրել՝ նախագահի կողմից ներկայացված առարկություններն ընդունելու մասին և, ըստ այդմ, Հակոբյանի թեկնածությունը հանվել է։

Այժմ դատավորը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԲԴԽ-ի՝ պահանջելով անվավեր ճանաչել ԲԴԽ-ի որոշումը, որով ընդունվել է Հանրապետության նախագահի առարկությունը՝ Ռուզաննա Հակոբյանին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցադիմումը։ Դատարանը սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացրել Հանրապետության նախագահին գործով ներգրավել որպես երրորդ անձ՝ նկատի ունենալով, որ վիճարկվող որոշումն ընդունվել է Հանրապետության նախագահի առարկության հիման վրա, գործի քննությունն առնչվում է վերջինիս լիազորություններին։ Նախնական դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 7-ին։

--00—ԶՀ