Որոշել են Դարբինյանից սանիկի միջոցով ազատվել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ուշագրավ տեղեկություններ ենք ստացել Հայ-Ռուսական համալսարանից։ Պարզվում է՝ ռուսական կողմը, ռեկտոր Արմեն Դարբինյանին պաշտոնանկ անելու բազմաթիվ ու երկարատեւ փորձերին զուգահեռ, ձեռնամուխ է եղել նաեւ նոր ռեկտորի փնտրտուքին։ Փնտրում են հարմար մարդ՝ հայկական ազգանունով, բայց պարտադիր ՌԴ քաղաքացու անձնագրով: Եվ Ռուսաստանով մեկ նման մարդ գտնելու հնարավորություններն այնքան փոքր են եղել, որ ընտրությունը կանգնել է Արմեն Դարբինյանի երիտասարդ սանիկի վրա։

Վերջինիս համար ռեկտորի պաշտոնին համապատասխանող «կենսագրություն» ապահովելու նպատակով արագընթաց կարգով փոխդեկան են նշանակել ռուսաստանյան հեղինակավոր բուհերից մեկում: Այս սանիկն էլ այնքան «խելոք» է գտնվել, որ ռուսական իշխանություններից թաքցրել է իր կնքահոր (ընդ որում՝ ե՛ւ կնունքի, ե՛ւ հարսանիքի) ով լինելու փաստը` հույսով, որ դա Ռուսաստանում չի իմացվի: Բայց սլավոնականում իմացել են այս մասին, եւ այս փորձերն անեկդոտների թեմա են դարձել։ Արդյունքում ստացվել է, որ սլավոնականում առանց այն էլ բավականին բարձր հեղինակություն ունեցող Արմեն Դարբինյանի դիրքերն էլ ավելի են ամրապնդվել, որովհետեւ ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչվում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ